Սիմվոլիկ էր՝ 11-րդ հանդիպումը 11։00-ին, 1 տարվա աշխատողներ։
Լավ էր, որ առավոտյան էր հանդիպումը․ լրացուցիչ լարում չառաջացավ։
Ջերմ մթնոլորտ էր։ Բնական է, որ կար անհանգստություն, բայց մուտքի դրական նոտան ապահովեց ընթացքի անխափան և հաճելի ընթացքը։
Տեղում նորից թերթեցինք կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները։ Կարևոր է այդ պահին ինքդ քեզ հետ անկեղծ լինես դիտարկելով, թե ինչպե՞ս մտար կրթահամալիր և ի՞նչ ունես հիմա։
Կրթահամալիրյան աշխատանքն իմ առաջին աշխատանքն է։ Երբ ընդունվեցի, մտածում էի, մեկ տարի կաշխատեմ, հետո կտեսնենք։ Հետոն կունենա շարունակություն, մեկ տարին կունենա տրամաբանական զարգացում։
Շատ կարևորում եմ բլոգային համակարգի առկայությունը։ Ինչպես նշեցի հանդիպման ընթացքում, ափսոսանքով եմ նայում համալսարանական տետրերիս (թարգմանություններ, վերլուծություններ, դասախոսություններ)։ Մոտ վեց տարվա այդ աշխատանքը կարող էր ուղղակի լինել իմ հեռախոսում։ Կրթահամալիրը ապահովեց մեդիահմտությունների զարգացումը ու սովորեցրեց ավելի համարձակ լինել, չվախենալ նոր բան փորձելուց։
Երբևէ չէի մտածի, որ «կկարողանամ» երգել, կսովորեմ բրուտագործություն, կհաղթահարեմ Արագածի բարձունքը, կլինեմ դիպլոմային նախագծերի ղեկավար, կունենամ ինձանից տարիքով մեծ ու փոքր այդքան ընկերներ, կնկարեմ, կլողամ (շարունակելի շարք)։
Ես հիմա ունեմ և կարող եմ այդ ամենը, ու շարքը վերջակետ չունի․ բազմակետ եմ դնում։