ԱՐՏՈՒՏԻԿ

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

ԽԽՈՒՆՋ  

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Մանուշակ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:  

Մանուշակ

Սիրուն մանուկներ, ինչո՞ւ ես թոռմել,
Կապույտ աչիկներդ ինչո՞ւ ես փակել.
Քեզ ո՞վ նեղացրեց, ո՞վ վատ բան ասեց,
Քո անուշ հոտովդ ո՞վ չզմայլվեց:
– Սիրուն մանուկներ, դուք ինձ սիրեցիք,
Իմ ծաղիկներից փնջեր կապեցիք,
Բայց կոշտ ձեռներից, կոպիտ ճանկերից
Ինձ չազատեցիք, չպահպանեցիք:
Քնքուշ սրտերը շուտ են կոտրվում,
Քնքուշ ծաղիկները շուտ են թառամում
Քանի որ անխիղճ մարդիկ կլինեն,
Երկար չեմ ապրի ես այս աշխարհում:

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Քամին ու մժեղը

Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
 _Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:

Կատու 


Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:         

Գորտը

Լքուն, փքուն                       Աչք ածելով՝
Գորտը կռռան,                    Ասավ._ ո՞ւր է
Ջրհորի մեջ                          Մեծ է ծովը,
Ջրի վրան,                            Չորս թիզ չկա
Իր չորս կողմը                     Իմ թզովը:

Մուկն ու կատուն

Կատուն մկին                      _Չեմ արժանի
Ասավ. – Անգին,                   Էդ մեծ պատվին,
Թե էդ ծակից                        Ճամփեն կարճ,
Էս ծակը գաս,                      Էդքան խա՞րջ:
Հազար թուման                   Շատ լավ գիտեմ
Փող կստանաս:                  Փորիդ ցավը,
Պատասխանեց                   Պա՞պս է տեսել
Մուկը կատվին.                  Կատվի լավը:

Բկլիկ ձկնիկ

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թող արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

Գիշեր

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Այ քեզ շաբաթ

Արթնացա երկուշաբթի,

Հորանջեցի երեքշաբթի,

Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,

Հինգշաբթի կրկին  քնեցի:

Քնեցի ուրբաթ, շաբաթ

Ու գործի չգնացի`

Կորչի գործը- ասացի :

Լավ էր՝  արդեն կիրակի

Ամբողջ օրը քնեցի:

Ամիսներ և չորս եղանակ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

Ճպուռն ու մրջյունը

Թըռի – վըռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռռաց, ճռճռաց:                ,

Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրեն թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգըր – զընգըր դողալով,
Ծանր – ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր.
_ Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակրի՛ր, տաքացրո՛ւ
Մինչև գարուն ապրեցրո՛ւ:
_ Ի~նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
_ Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ.
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ:
_ Ուրեմն՝դո՞ւ:
_ Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
_ Երգո՞ւմ էիր, շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր – վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի:

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը տեսավ, զարմացավ:
Պապը քաշեց, քաշքշեց,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց տատիկին.
Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,
Քաշքշեցին, շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին:

Մկների ժողովը

Սով էր, սով էր Մկստան,                         Ա՜յ, բերել եմ ես մի զանգ,
Կատվի ձեռքից լկստան,                          Ծափ, ծլնգոց, մեջը զնգոց.
Գզիրն ընկավ դռնեդուռ,                          Կատվի վզից մենք կախ տանք,
Էլ չթողեց տուն – կտուր,                          Որ ինչքան էլ օրորա,
Ջահել, ահել գեղովի,                                 Որ ինչքան էլ շորորա,
Ջոջերին ջոկ տեղովի                                Ստից սատկի, տազ անի,
Կանչեց, բերեց ժողովի՝                             Գալն իմանանք գազանի:
Թե ինչ անեն, որ կատվեն                        Է, զանգը ո՞վ կախ անի.
Մի հնարքով ազատվեն:                           _ Ալո, դու:
Եկան գյուղի ջոջերը,                                 _ Ալո՞ն տանի:
Երկար բարակ պոչերը,                            _ Բալո,  դու:
Մասնակցեցին խորհրդին,                      _ Բալո՞ն կախե:
Մի մուկ խոսեց իր հերթին.                      _ Չալո, դու:
_Լսեք, մկներ ցեղակից,                            _Չալոն կաղ է:
Չունեմ որդի, կողակից,                            _ Մստո, դու:
Ես մի անտեր ծերուկ եմ,                          _ Մստոն կարճ է:
Բայց պատվավոր մի մուկ եմ.                 _ Փոստո, դու:
Պակսեց ուժը իմ ոտի,                               _ Էդ էլ խի՞ղճ է:
Պետք է մեռնեմ անոթի…                          _ Համբո, դու:
Սովն է չոքել դռանը,                                 _ Ես տկար եմ:
Ա~խ, մռռանը, մռռանը,                            _ Չամբո, դու:
Վեր է ընկել մառանը,                               _ Ասենք տարա,
Ինչքան ասես նազ անի,                           Բա որ կատուն գա ինձ վրա:
Ստից սատկի, տազ անի,                          _ Բտոն, Խտոն թող մեկից
Մուկ տեսնելիս վազ անի,                        Բռնեն կատվի քամակից:
Գլխից բռնի, կախ անի,                             _ Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Թաթովը տա, խաղ անի,                           Լավ է դու տար էդ զանգը,
Ուտի, քեֆը չաղ անի,                                Էլ ի՜նչ Բտո, ի՜նչ ֆստան, –
Էսպես զուլում ու կրակ,                           Ճստաց Բտոն ճստճստան:
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:                   _ Լռի՛ր, հանդուգն, կոտորվեք դուք,
Բայց թե ազնիվ մեր ցեղը                         Վախկոտներիդ ես թաղեմ,
Կորչելու չէ զուր տեղը,                             Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,-
Ցավն էլ ունի իր դեղը…                            Գոչեց ջոջը, քաշեց պոչը:

Չալ կաչաղակը

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.
-Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
– Չկա, չէ, չէ…

Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:
–  Դու ետ գնա, որ ես անն կենամ, – ասաց մեկը:
–  Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը:
–  Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
–  Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցի, ջուրը թափվեցին:

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
–  Ինչ անշնորք ճանճես ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
–  Իսկ դու, հավիկ-մարիկ, ի՞նչ ես շինում, – հարցրեց մեղուն:
–  Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ-սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
–  Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
–  Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
–  Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով` այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ-մարիկ:
–  Բայց դու ի՞նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
–  Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս, թե ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ-մարիկ:

Արևի ճառագայթները

Պայծառ արևը բարձրացավ երկինք ու ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա:
Առաջին ճառագայթը ընկավ արտույտի վրա: Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն. – ճի˜վ, ճի˜վ, ճի˜վ,. ճիլի – վիլի, ճիլի – վիլի. վո˜ւտ – վո˜ւտ – վո˜ւտ. ճը˜ռռ…
Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ. նապաստակը ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկելով մտավ ցողաթաթախ կանաչկուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով:
Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց ծուղրուղու…Ղո˜ւ-ղո˜ւ-ղո˜ւ: Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտյան նախաճաշիկ անեն:
Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել:
Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան և դուրս ընկնելով դես ու դեն` թռան տզտզալով, որ մեղրածոր ծաղիկներից իրենց սնունդը ստանան:
Հինգերորդ ճառագայթը ընկավ մի ժիր մանուկի անկողնու վրա և սկսեց նրա աչքերը ծակծկել. նա վեր թռավ տեղից և շտապելով մատրաստվեց մանկապարտեզ/դպրոց/ գնալուն: