Հոդված 12
Ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը,
 վարչատնտեսական մասի կառավարիչը և նրանց իրավասությունները

  • Առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչական մասի ղեկավարին: Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային և վարչատնտեսական: Վարչական ղեկավարը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն: 

Առաջարկը, միանշանակ, կարևոր է, սակայն այն հստակեցում է պահանջում։ Իսկ գուցե վարչական մասի ղեկավարը տնօրեն չէ, այլ հենց վարչական մասի ղեկավար, բայց ոչ տնօրեն։
Կարծում եմ՝ այս կետում տնօրեն հասկացության իմաստի, բովանդակության խեղաթյուրում կա։ Վարչական մասի ղեկավարը կատարում է տեխնիկական աշխատանք, իսկ բովանդակային մասին պատասխանատուն անելու է այն, ինչը հենց դպրոցի էությունն է։ Կարծում եմ, որ այստեղ տարանջատում պետք է մտցնել։
Պետք է նաև հաշվի առնել դպրոցների առանձնահատկությունները։ Նշվում է, որ վարչական ղեկավարը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում։
Այս դրույթը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։

Հոդված 26
Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

  • Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Այս կետը ստեղծում է լրացուցիչ դժվարություններ։
ԵՊՀ-ն ավարտած ուսանողը (հստակեցում՝ Հայ բանասիրության ֆակուլտետ)
չի ստանում ուսուցչի որակավորում։ Դրա համար նախատեսվում է
ուսանողի կողմից կատարվող լրացուցիչ վճարում, որն էլ նթադրում է ընթացակարգ, ինչի արդյունքում ուսանողի դիպլոմում ավելացվում է վերը նշված կետը։ Ֆինանսական դժվարություններ ունեցող ուսանողը, անկախ մտավոր ունակություններից, տարիներ անց հայտնվում է փակուղու առաջ։

Ներառականության ընդլայնում

  • Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներն ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ցանկում: Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն: Ուսուցման դժվարություններ կարող են ունենալ նաև օժտված երեխաները, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում, սոցիալապես անապահով են, հակամարտությունների հետևանքով դարձել են ծնողազուրկ, ունեն լեզվական և այլ խնդիրներ:

Թերևս, ամենակարևոր կետերից մեկն է։
Ներառականություն ասվածը մեր մեջ դիտարկում են որպես ֆիզիկական կամ մտավոր խնդիրներից բխող հասկացություն։
Ընտանեկան, միջանձնային հարաբերությունների հետևանքավ առաջ եկած հոգեբանական խնդիրները, չգիտես ինչու, դուրս են մնում ուշադրությունից։
Այս կետով, միանշանակ, առաջ է քաշվում շատ կարևոր հարց և ենթադրում նաև լուծումներ։