Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի 25-29
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3/4 դասարան

Նախագծի նպատակը, խնդիրները

  • միջավայրի դիտարկում, ուսումնասիրություն, խնամք
  • օրվա ընթացքի, եղանակային փոփոխությունների, ժամային առանձնահատկությունների դիտարկում
  • տեսածը վերարտադրելու, վերաշարադրելու հմտությունների զարգացում
  • հարցազրույց վարելու հմտությունների ձեռքբերում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • թվային միջոցների, դրանց հնարավորությունների ուսումնասիրություն, դրանց կիրառում, ցուցադրում
  • մեդիահմտությունների զարգացում

Սովորողները, համապատասխան իրենց ընտանեկան դպրոցի առանձնահատկությունների, ընտրում են իրենց համար նախընտրելի գործունեությունը (նվազագույնը՝ երկուսը)։Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում՝ մինչ հոկտեմբերի 29, օրվա երկրորդ կես։

  • Աշնանային ճամփորդապատում
    Գուցե դու նախատեսում ես ճամփորդել աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում։ Դա, ինչ խոսք, հրաշալի կլինի։ Եթե այո, ապա կիսվիր ընկերներիդ հետ քո տպավորություններով։ Ճամփորդական ընթացքը լուսանկարների, տեսանյութի կամ պատումի տեսքով հրապարակիր անհատական բլոգում։
  • Մաթեմատիկան աշնանը
    Հետաքրքիր է՝ ի՞նչ խնդիրներ կստացվեն, եթե այդ խնդիրների հերոսները աշունոտ լինեն՝ գունաթաթախ տերևներ, աշնանային մրգեր և բանջարեղեններ, ամպ ու անձրև, աշուն, աշուն և կրկին աշուն․․․
    Կազմի՛ր աշնանային բովանդակություն ունեցող խնդիրներ՝ կից ներկայացնելով լուծումը։ Փորձիր նաև Paint ծրագրի օգնությամբ պատկերել խնդիրներից մեկը կամ ստեղծել կոլաժ։ Արդյունքը, խնդիրներին կից, հրապարակիր բլոգում։
  • Ֆոտոպլեներ
    Երբեք չեմ հոգնի ձեր՝ այս աշխատանքներից )))
    Վերցրու լուսանկարչական որևէ սարք և լուսանկարիր քեզ համար հետաքրքիր իրեր՝ իրենց հետաքրքիր դասավորվածությամբ։ Իջիր բակ, լուսանկարիր քեզ համար գեղեցիկը, հետաքրքիրը, կարևորը։
    Չմոռանաս բազմագույն աշնան գեղեցկությունը պատկերել։ Արդյունքը հրապարակիր քո իսկ բլոգում։
  • Ընտանեկան հարցազրույց (հացթխիկ)
    Իսկ դու երբևէ հարցրել ես տան անդամներին, թե իրենց մանկության տարիներին ինչպե՞ս են նրանց մայրիկները, տատիկները պատրաստել հացը։
    Գուցե փորձենք բացահայտել միասին։ Դե ինչ, վարի՛ր տատիկի կամ ընտանիքի այլ անդամների հետ հարցազրույց ներկայացնելով, թե ինչպե՞ս են ընտանիքում իրականացրել հացթխիկի ծեսը, որտեղի՞ց են սովորել, ի՞նչ է անհրաժեշտ պատրաստման համար, որքա՞ն ժամանակ է պետք և այլն։ Ընթացքը տեսանկարահանիր՝ արդյունքը հրապարակելով բլոգում։
  • Չարաճճի խմորի արկածները
    Մինչ հաց դառնալը չարաճճի խմորը երկա՜ր ճանապարհ է անցնում։
    Պատմի՛ր մեզ չարաճճի խմորի արկածների մասին՝ հորինուկ-պատումը հրապարակելով բլոգում և կցելով Paint ծրագրով աշխատանքը՝ հորինուկին համապատասխան։

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված,
ձայնագրված նյութերը հրապարակվում են անհատական բլոգներում,
ամփոփ փաթեթը՝ դասարանական բլոգում։