Ֆլեշմոբերը ՄՍԿՀ-ում կազմակերպվում են ամեն ամիս։ Համապատասխան օրացույցի՝ կազմվում և հրապարակվում են ֆլեշմոբերի առաջադրանքները։ Առաջադրանքները կազմվում են ըստ մակարդակների։ Յուրաքանչյուր մակարդակ համապատասխանում է կոնկրետ տարիքային խմբի։

Ֆլեշմոբերի հիմնական առանձնահատկությունները․

  • բաց է մասնակցության համար
    Մասնակցելու համար պարտադիր չէ լինել կրթահամալիրի սովորող կամ դասավանդող։
    Ֆլեշմոբերին կարող է մասնակցել յուրաքանչյուրը ։
  • ժամանցային բնույթ ունի
    Ընտանիքների համար այն դառնում է ժամանցի կազմակերպման յուրօրինակ ձև, որը նպաստում է նաև գիտելիքի, տրամաբանության ստուգմանն ու զարգացմանը։
  • իր ամբողջության մեջ անհատական է
    Ամեն ամիս ֆլեշմոբերի կազմումը լաբարատորիաների ղեկավարների կողմից վստահվում է որևէ դասավանդողի կամ դասավանդողների խմբի։
  • օրացուցային է նաև ծիսական առումով
    Առավել հետաքրքիր, առօրյա, ոչ կաղապարված դարձնելու համար դրանք մեծ մասամբ ներառում են տվյալ ամսվա՝ կարևոր նշանակություն ունեցող որևէ տոն, օր, երևույթ։

Տարբեր դասարաններում ֆլեշմոբերը կազմակերպման տարբեր եղանակներ ունեն։
Կան դասավանդողներ, ովքեր նախընտրում են քննարկումն ու մասնակցությունը կազմակերպել դասարանական միջավայրում։
Արևելյան դպրոցի 2/4 դասարանում սովորողները ֆլեշմոբերին մասնակցում են տանը՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ։
Դասավանդողի կողմից առաջադրանքներն ուղարկվում են ուրբաթ երեկոյան՝ որպես հանգստյան օրերի համար նախատեսված գործունեություն։
Ստուգված առաջադրանքները հրապարակվում են դասարանական բլոգի համապատասխան բաժնում։
Սովորողներն իրենց համակարգիչներով մուտք են գործում տվյալ բաժին, բացում տվյալ ամսվա, տվյալ առարկայի ստուգված ֆայլը, գտնում իրենց անունը։ Հրապարակմանը կից՝ գտնում են նաև ֆլեշմոբի առաջադրանքները։
Սկսում ենք քննարկումը՝ դիտարկելով սովորողների մասնակցությունը, ճիշտ-սխալ պատասխանները։ Հատկապես մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների դեպքում կազմակերպվում է խնդիրների լուծում՝ առօրյա պայմաններից ելնելով։ Հաճախ փոփոխում ենք խնդիրները՝ հարմարեցնելով մեզ․ նմանատիպ խնդիրներ ենք ստեղծում այլն։
Պետք է նշեմ, որ մանրամասն բոլոր խնդիրներին կամ առաջադրանքներին անդրադառնալ չի ստացվում։ Անդրադառնում ենք բոլորին, բայց խաղերի կազմակերպմամբ քննարկումը անցկացնում ենք մեկ-երկու առաջադրանքով՝ ժամանակի սղությունից ելնելով։

Մայրենիի ֆլեշմոբի ստուգման ընթացքը տարբերվում է մաթեմատիկայի ստուգման ընթացքից։ Եթե մաթեմատիկայի դեպքում առաջադրանքը պահանջում է կոնկրետ լուծում, ապա մայրենիի առաջադրանքները, մեծ մասամբ, ունեն ստեղծագործական բնույթ, և հստակ որոշել ճիշտն ու սխալը հնարավոր չէ։ Հատկապես հորինուկների դեպքում դիտարկումները կրում են տեխնիկական բնույթ՝ ուղղագրական, կետադրական, բառի ճիշտ կամ սխալ ընտրություն և այլն։
Այս պարագայում դասարանն է որոշում «ճիշտն ու սխալը»։ Քանի որ սովորողները նույն տարիքի են, որքան էլ տարբեր, ընդհանրությունները բավականին շատ են։ Դասարանում կարդում ենք հորինուկը կամ ստեղծագործական որևէ այլ առաջադրանքի լուծում։ Դասավանդողը կատարում է լեզվական ուղղումներ,սովորողներն արձագանքում են ստեղծագործական տեսանկյունից՝ հետաքրքիր էր, թե ոչ, ինչը կփոխեին, ինչ կավելացնեին։ Տվյալ առաջադրանքը կատարած սովորողին ոգևորում է դասընկերների արձագանքը։

Հետաքրքիր է լսել սովորողների արձագանքն այն մասին, թե ինչպես, ում հետ են մասնակցել ֆլեշմոբերին, ինչպես են արձագանքում իրենց կատարած սխալներին, փորձում վերլուծել և այլն։

Դասավանդում եմ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 2-րդ դասարանում։
Սեպտեմբերին ծնողների կողմից հնչեց կարծիք, որ սովորողների համար բարդ է մասնակցել առաջին մակարդակի խնդիրներին, և դա, իսկապես, այդպես էր։ Փորձեցինք աշխատել պրոգրեսիվ եղանակով․
կատարում ենք այնքան առաջադրանք, որքան կարող ենք։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում դիտարկում ենք մեր առաջընթացը, լուծելու արագությունը և այլն։
Պետք է փաստեմ, որ բավականին հետաքրքիր է տացվում։ Սովորողներն իրենք ոգևորվում են՝ իրենց մասնակցության առաջընթացը տեսնելով։

Կան սովորողներ, որոնք չեն մասնակցում։ Քննարկումներին ակտիվ են, նախաձեռնող, բայց կոնկրետ ֆլեշմոբին չեն մասնակցում։