Այլ է, երբ կրթական գործընթացը ամբողջությամբ տեղափոխվում է հեռավար հարթակ, այլ, երբ այն ենթադրում է համակցված գործընթաց՝ առկայի և առցանցի համադրություն։ Մարտյան հեռավարը տեխնիկական հնարավորությունների բացահայտման հնարավորություն ընձեռեց։ Դժվարությունների, ձեռքբերումների, արդյունքների մասին խոսել ենք դպիրյան հոդվածներով։ Այդ ընթացքը կոնկրետ գործընթաց ապահովեց նրանով, որ սովորողը չուներ ընտրության հնարավորություն․ ուսուցման գործընթացը կազմակերպվում էր միայն հեռավար հարթակում (բացառությամբ ճամբարային գործունեության)։
2020-21 ուսումնական տարի, սեպտեմբեր-նոյեմբեր, անցումներով լի շրջան․ մեկ հեռավար հարթակում ենք, մեկ՝ առցանց։
Համապատասխան ուսումնական սեպտեմբերի ուղեցույցի՝ սովորողին-ընտանիքին առաջարկվեց ուսումնական գործընթացի կազմակերպան չորս տարբերակ․

  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
  • հեռավար ուսուցում:

Արևելյան դպրոց-պարտեզի 2․4 դասարանի 28 սովորողներից երկուսը ընտրեցին հեռավար ընտանեկան-ուսուցումը, 26 սովորող հաճախեց ֆիզիկական միջավայր։ Զուգահեռ հրապարակվում էին առկա և հեռավար հարթակների աշխատակարգերը։ Հեռավար-ընտանեկան ուսուցումն ընտրած սովորողները ուսումնական քայլքը, ճամփորդությունները, զբոսանքը կազմակերպում էին ընտանեկան միջավայրում։

Ներկայացնում է Լիկա Հակոբյանը

Ֆիզիկական հարթակում ապահովվեց ընդամենը մեկամսյա գործունեություն և կրկին անցում կատարեցինք հեռավար հարթակ։ Բնականաբար, անցումն այս անգամ, որքան էլ ոչ ցանկալի, սակայն առավել կազմակերպված էր։ Մարտ-մայիս հեռավարի ընթացքում ուսումնական գործընթացն կազմակերպվում էր սովորողների բլոգերի (3-3 դասարան) և Microsoft Teams հարթակի օգնությամբ։ Այլ էր կազմակերպումը 2-րդ դասարանի սովորողների հետ․ նրանց մոտ բլոգների բացակայությունը արդեն լրացուցիչ դժվարություններ էր առաջացնում։ Կիրառվեց նոր հարթակ՝ Google Drive:  Յուրաքանչյուր սովորողի անունով բացված փաթեթը ներառում էր ենթափաթեթներ՝ համապատասխան տվյալ օրվա աշխատանքի։ Եթե մարտ-մայիս հեռավարի ընթոացքում սովորողների աշխատանքերը ստուգվում-քննարկվում էին տեսադասերի ընթացքում, ապա այս դեպքում կազմակերպման այլ՝ ավելի արդյունավետ ձև փորձարկվեց։ Սովորողները Viber հարթակով(առավել հեշտ կիրառելի է լուսանկարների համակարգման տեսանկյունից) ուղարկում էին ամենօրյա աշխատանքների լուսանկարները , որոնք ստոգվում էին դասավանդողի կողմից, պատասխան նամակով կատարվում էին անհրաժեշտ դիտարկումներ։ Երեկոյան իրականացվող տեսադասերի ժամանակ (երկու խմբով) քննարկվում էին աշխատանքները, դիտարկվում դժվարությունները, բացատրվում էր նոր թեման։
Վերադարձը ֆիզիկական միջավայր մեծացրեց հեռավար-ընատնեկան ուսուցման շրջանակը։ Երկու սովորողներին ավելացան ևս վեցը, ովքեր երկշաբաթյա հեռավար-ընտանեկան գործունեությունից հետո վերադարձան ֆիզիկական միջավայր։

Առկա և հեռավար հարթակները շարունակում են աշխատել զուգահեռ։ Ֆիզիկական միջավայրում կազմակերպված գործառույթները իրականացվում են նաև ընտանեկան միջավայրում, ինչպես, օրինակ, Թթուդրիկի ծեսը։

Կարևոր է այն, որ հեառվար ուսուցումն ընտրած սովորողն իրեն դասարանից օտարված չզգա։ Դա նախ և առաջ ապահովվում է անընդհատ կապի միջոցով՝ հեռախոսազանգեր, նամակագրություն, տեսադասեր։ Եվ այն, որ առցանց սովորողի տեսանյութը, օրինակ, ներառվում է առկա ուսուցման փաթեթում, արդեն ենթադրում է որոշակի ինտեգրում։