Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 2-6
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց- 2/4 դասարան

Նախագծի նպատակը, խնդիրները

  • միջավայրի դիտարկում, ուսումնասիրություն, խնամք
  • օրվա ընթացքի, եղանակային փոփոխությունների, ժամային առանձնահատկությունների դիտարկում
  • տեսածը վերարտադրելու, վերաշարադրելու հմտությունների զարգացում
  • հարցազրույց վարելու հմտությունների ձեռքբերում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • թվային միջոցների, դրանց հնարավորությունների ուսումնասիրություն, դրանց կիրառում, ցուցադրում
  • մեդիահմտությունների զարգացում

Նախագծի ընթացքը համապատասխանում է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքին։ Սովորողները, համապատասխան իրենց ընտանեկան դպրոցի առանձնահատկությունների, ընտրում են իրենց համար նախընտրելի գործունեությունը (նվազագույնը՝ երկուսը)։ Աշխատանքներն ուղարկվում են դասվարի էլ հասցեին կամ Viber-ին (լուսանկարները)(Armine.Mosvsiyan@mskh.am) մինչ նոյեմբերի 6-ը, ժամը 19։00։

  • Կոմիտասյան բանաստեղծությունների աշնանային ընթերցանության փաթեթ
    Ընտրելով Կոմիտասի բանաստեղծություններից մեկը՝ ընթերցիր այն, փորձիր Paint ծրագրի օգնությամբ վերարտադրել բանաստեղծության փոխանցած պատկերը։ Գուցե հիշես նաև կոմիտասյան որևէ երգ․․․
  • Հանելուկներ, ակրոստիքոսներ, շուտասելուկներ
    Դե ինչ, աշունը ոգեշնչման աղբյուր կարող է լինել։
    Ստեղծագործի՛ր՝ հորինելով հանելուկներ, ակրոստիքոսներ և շուտասելուկներ աշնան մասին։ Հրապարակիր դրանք ձայնագրության, տեսագրության ձևով կամ գրառիր։
  • Հորինուկներ՝ ռոդարիական հնարքներով (Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր)
    Ծանոթանալով նախագծին՝ ստեղծիր հորինուկը ընտանիքի անդամների օգնությամբ։ Հիշի՛ր դասարանական հեքիաթախաղի սկզբունքը (հորինում ենք հեքիաթ՝ մեկական նախադասությամբ միմյանց շարունակելով)։ Ընթացքը տեսաձայնագրիր, ձայնագրիր կամ ուղարկիր հեքիաթ-հորինուկիդ գրառված տարբերակը։
  • Աշնանային օրապատում
    Տե՛ս, ամեն օր ծառերի, բույսերի տերևները փոխում են իրենց գույնը։ Ա՜յ քեզ բան, նաև ծառերն են գնալով մերկանում։ Իսկ ինչպե՞ս, արի՛ բացահայտենք միասին։ Լուսանկարների և տեսանյութերի օգնությամբ ամենօրյա դիտարկում կատարի՛ր՝ ընտրելով ձեր բակից որևէ ծառ կամ բույս։ Տես, թե մեկ շաբաթվա ընթացքում այն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում։ Կատարի՛ր դիտարկում, արդյուքն ուղարկիր։
  • Ֆոտոպլեներ
    Ինչքան հետաքրքիր պեյզաժներ կան մեր տանը, պատուհանից այն կողմ, բակում, երկնքում, ամենուր․․․
    Վերցրու տեսախցիկ կամ հեռախոս և լուսանկարիր քեզ համար հետաքրքիր իրեր՝ իրենց հետաքրքիր դասավորվածությամբ։ Իջիր բակ, լուսանկարիր քեզ համար գեղեցիկը, հետաքրքիրը, կարևորը, այլն, ինչը կարծում ես, որ կհետաքրքրի քեզ պես փոքրիկ լուսանկարչի հետևորդներին։
  • Ընտանեկան հարցազրույց (թթուդրեք)
    Ըըըըմ, ի՜նչ համեղ է տատիկի պատրաստած թթուն։ Տեսնես ինչպե՞ս է այն պատրաստում։ Գուցե փորձենք բացահայտել միասին, հատկապես այն դեպքում, երբ դու էլ նախակրթարանում պատրաստել ես թթու։ Դե ինչ, վարի՛ր տատիկի կամ ընտանիքի այլ անդամների հետ հարցազրույց ներկայացնելով, թե ինչպես են ընտանիքում պատրաստում թթու, որտեղից են սովորել, ինչ է անհրաժեշտ պատրաստման համար, որքան ժամանակ է պետք և այլն։ Ընթացքը տեսանկարահանիր։
  • Թթվային արկածներ
    Իսկ դու գիտե՞ս, որ թթուդրեքի ծեսին անպայման ներկա են լինում չարաճճի Գազարը, մեծամիտ Կաղամբը, գեղեցկուհի տիկին Ծաղկակաղամբը, փոքրիկ Պղպեղիկները, տիկին Լոլիկը, պարոն Վարունգը և այլք։ Իսկ որտե՞ղ են նրանք ապրում, ինչով են զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեն, կպատմես դու՝ ստեղծելով հորինուկ և պատկերելով այն Paint ծրագրի օգնությամբ կամ գունամատիտներով/ջրաներկով։ Այդ հարցում քեզ կօգնի այս փաթեթը՝ Թթվային արկածներ։

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում։