Տեխնոլոգիական ժամանակաշրջանը տալիս է հարյուրավոր գործիքներ, որոնք կիրառման իրենց դաշտն են պահանջում։ Արտակարգ դրության այս պայմաններում հնարավորությունները, թերևս, քայլ առաջ են  սահմանափակումներից։
Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն տվեց  առավել ձուլվել տեխնոլոգիական դարաշրջանին։ Բլոգային ուսուցման  առավելությունը, որն ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթության կազմակերպման հարթակը, սահմանափակման այս իրավիճակում փակ դռները բացելու բազմաթիվ բանալիներ տվեց՝ օնլայն հարթակում  սովորողի ինքնակազմակերպում, ընտանիքի՝ կրթության գործին առավել մեծ ներգրավվածություն, նոր գործիքակազմի ուսումնասիրություն, ինքնակրթության նոր հնարավորություններ և այլն։
Ես հեռավար ուսուցման նորեկներից էի, և ինձ համար առաջին ու ամենամեծ ձեռքբերումն այն գիտակցումն էր, որ սովորողներս, ելնելով կրթահամալիրի առանձնահատկություններից, տիրապետում  էին բոգային ուսուցման գործիքակազմին:  Դա արդեն իսկ հաղթանակ էր հեռավար ուսուցման կազմակերպման հարթակում:
Որպես դասավանդող՝ կարևոր էր նախագծերի, աշխատակարգերի հանրամատչելի կազմակերպումը հատկապես այն դեպքում, երբ մենք առավել, քան երբևէ, դիտարկման հարթակ  էինք ՀՀ հանրակրթական  համակարգի համար: Այդ տեսանկյունից շատ կարևոր էր յուրաքանչյուրի հետևողական աշխատանքը՝ ծրագրի ղեկավարների, գործընկերների արձագանքները, դիտարկումները:
Հատկապես ցանկանում եմ նշել մենթոր Անահիտ Հարությունյանի աշխատանքը, որի հետ անընդհատ եղել ենք կապի մեջ թե՛ օնլայն հարթակում, թե հեռախոսազանգերի միջոցով: Ամենայն պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ՝  Անահիտը ինձ օժանդակել է ցանկացած հարցում՝ ոչ միայն հեռավար ուսուցման ընթացքում, այլև  առաջին ուսումնական շրջանից սկսած:

Մարտի 23-27-ի  մանկավարժական աշխատողների գարնանային բաց դպրոցը՝ որպես մանկավարժական  հեռավար ճամբար, իր գործունեությամբ  առավել կազմակերպված դարձրեց  հետագա շաբաթներում նախատեսվող աշխատանքը:  Ընթացքում տեղի ունեցած քննարկումները որոշակիորեն  լրացրեցին ֆիզիկական շփման բացը և քննարկման, առաջարկների  հարթակն առավել ընդլայնվեց:
Ծրագրի ղեկավարների նախաձեռնությամբ կիրառվեց Microsoft Teams-ը, որը, մինչ այդ, ես չէի կիրառել:   Ճամբարի ընթացքում կիրառված, արդեն իսկ փորձված գործիքակազմը նախատեսվում է կիրառել հաջորդ շաբաթերի ընթացքում և՛ սովորողների հետ տարվող աշխատանքում, և՛  ծնողական առցանց սեմինարի ընթացքում:

Հեռավար ուսուցման ողջ ընթացքը քայլային զարգացում ունեցավ։
Թե՛ դասավանդողը, թե՛ սովորողը, որքան էլ դասարանում` ֆիզիկական ներկայության պայմաններում, կիրառում են մեդիագործիքներ, միևնույն է,  այն ֆիզիկական և մեդիամիջավայրի բալանսավորված գործընթաց է։ Հեռավար ուսուցման համակարգում բնակարանները  վերածվեցին  ուսումնական միջավայրի՝ ներառելով ընտանիքի տարբեր անդամների: Հատկապես ընտանիքների փոքրիկները իրենց «պատահական» մասնակցությամբ էլ ավելի հետաքրքիր դարձրեցին ուսումնական գործընթացը.

Մանե Օհանջանյան և ընտանիք.

Վահե Ղազարյան և ընտանիք.


Սա հնարավորություն տվեց, որ կրթական գործընթացը շարունակի իր բնականոն ընթացքը։ Արդյունքում մեդիամիջավայրը դարձավ ֆիզիկական գործունեության արտահայտման յուրօրինակ  հարթակ՝ իր նոր կազմակերպմամբ ու գործիքներով:
Դա առավել նկատելի էր երկու շաբաթների  օրինակով: Հեռավար ուսուցման առաջին շաբաթը՝ մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածը, առանձնացավ որպես օնլայն հարթակում ինքնակազմակերպման հետաքրքիր փորձաշրջան թե՛ սովորողի և ծնողի, թե՛ դասավանդողի համար։ Սովորողը, կարծես, ինչ-որ տեղ այն համարում էր արձակուրդային։ Դա, գուցե, ներքին` ենթագիտակցական արտահայտություն էր և դիտարկվում էր որպես  մեկշաբաթյա, այսինքն՝ կարճաժամկետ գործընթաց։ Հետագա զարգացումը՝ արտակարգ դրության մեկամսյա դադարը ֆիզիկական միջավայրում, արդեն դիտարկվեց ավելի պատշաճ կերպով։  Ընտանեկան կթությունը սահուն անցում կատարեց հեղինակային կրթական ծրագիր, որը շարունակեց կիրառել նոր մեթոդներ, առաջարկեց նոր գործիքակազմ, ինչն էլ տեսանելի դարձավ իր զարգացմամբ: Մյուս կողմից՝ պարտադրված այս վիճակը ընտանեկան ուսումնական միջավայր ստեղծելու նոր հնարավորություն տվեց: Մարզական, երաժշտական, բնագիտական, էկոլոգիական, մաթեմատիկական, հիգիենայի, ընթերցողական  և տարատեսակ ուսումնական գործունեությունները դարձան ընտանեկան միջավայրի բաղկացուցիչը։ Ստեղծվեց ուսուցման տարատարիք  մոդել, ինչի արդյունքում ծնողների, ընտանիքի մյուս անդամների մասնակցությունը դիտարկվեց երկու հարթակում՝ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ՝ որպես օպերատոր, օգնական և այլն։

Մարտի 2-6-ն ընկած հեռավար ուսուցման ժամանակահատվածում թումանյանական ընթերցողական փաթեթները, հիգիենայի՝ կորոնվիրուսյան պաշտպանության եղանակների  տեսափաթեթները, մայրիկատոնին նվիրված ռադիոփաթեթը, կորոնվիրուսյան հորինուկներիազգային խաղերգերի, մաթեմատիկական գործունեության (2345՝  համապատասխան օրերի) փաթեթները  նպաստեցին ուսումնական գործընթացի անընդհատությանը։
Արտակարգ դրության առաջին- հեռավար ուսուցման երկրորդ շաբաթը՝ մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածը, առանձնացավ սովորողների առավել լայն մասնակցությամբ և ընթացավ ուսումնական գործունեության հետևյալ մեդիափաթեթներով՝


Այն կարծես դարձավ մարտի 2-6-ի հեռավար ուսուցման քայլային զարգացումը։ Օրինակ, մարտի 6-ի ռադիոթողարկման պատասխանատուն Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանն էր։ Մայրիկատոնին ընդառաջ՝  ստեղծվեց սովորողների անհատական ռադիոփաթեթ , որում սովորողները ընթերցում էին իրենց նախընտրած կամ իրենց կողմից գրված բանաստեղծությունները`նվիրված մայրիկներին։ 25 սովորողից մասնակցեց 7-ը։ Մարտի 16-20-ին ստեղծվեցին սահյանականխնկոյանական և թումանյանական գարնանային  ընթերցումների երեք ռադիոփաթեթներ՝ համապատասխան Paint մեդիագործիքի միջոցով սովորողների կատարած նկարազարդումների։ Ռադիոփաթեթներից յուրաքանչյուրին մասնակցեց նվազագույնը 15 սովորող։

Երրորդ շաբաթը՝ գարնանային ուսումնական արձակուրդը,  առանձնացավ  ուսուցման օրագրային ձևաչափով.

Սովորողները ներկայացրեցին իրենց նախընտրած ֆիլմերի, մուլտֆիլմերի փաթեթները, երաժշտական  օրագրերը, օրվա կազմակերպումը և այլն: Միմյանց խորհուրդ տվեցին դիտել որևէ ֆիլմ կամ մուլտֆիլմ, արձագանքեցին պատասխան բլոգային հրապարակումներով, նամակներով՝  դառնալով փոքրիկ կինո-քննադատներ: Ուսումնական այս շաբաթն առանձնացավ նաև նրանով, որ սովորողն առավել, քան ազատ էր և ոգևորված ՝ կրկին իր նախասիրություններով ընկերների հետ կիսվելու հնարավորությամբ:

Հեռավար ուսուցման հարթակում առավել քան նկատելի է սովորողի ինքնուրույնության խնդիրը։ Դասարանում սովորողը, օրինակ,  տիրապետում է բլոգուսուցման հմտություններին, իսկ տանը՝ «ոչ միշտ»։ Դասարանում սովորողն առավել, քան ինքնուրույն է, իսկ տանը հույսը հաճախ դնում է ծնողի օգնության-իր փոխարեն անելու ձգտման  վրա։ Սակայն խնդիրը որոշակի լուծում ստացավ այն պարագայում, երբ արտակարգ դրության պայաններում ծնողների մեծ մասը ստիպված եղավ աշխատել տնից, ինչը հնարավորություն տվեց էլ ավելի բացահայտել սովորողի ունակությունները։ Այս տեսանկյունից ծնող-սովորող փոխհարաբերությունը բերեց  դասավանդող-սովորող-ծնող  բումերանգային էֆեկտի, ինչն էլ  ձևավորեց տարատարիք սովորողների համայնք, որտեղ առավել, քան երբևէ, սկսեց աշխատել սովորող-սովորեցնող փոխհարաբերությունը:
Սովորողը՝ դասավանդողի և ծնողի,  ծնողը՝ սովորողի և դասավանդողի  օգնությամբ առավել մասնագիտացավ բլոգային ուսուցման համակարգում, ծնողների մեծ մասն էլ, դառնալով սովորողներ, տիրապետեցին գործիքակազմին: 

Արձագանքներ.

  • Վահե Ղազարյանի մայրիկ՝ Ստելլա Ասատրյան
    «Բլոգուսուցման հետ կապված մենք էլ որոշակի գործիքների ծանոթացանք, երեխաները ավելի ազատ են, իրենք իրենց լավ են զգում, պատասխանատվությունը ավելի է մեծանում, որ օրվա առաջադրանքը կատարեն ժամանակին, հետաքրքիր ծրագիր եք կազմել և ներառել նաև ծնողներին»:
  • Եվա Դուզդաբանյանի մայրիկ՝ Աննա Կարապետյան
    «Հեռավար ուսուցման դրական կողմն այն է, որ մենք էլ համակարգչին սովորեցինք տիրապետել ավելի լավ: Շատ հետքրքիր էին և մեզ համար օնլայն դասերը կազմակերպել, բայց և դժվար, քանի որ երեխան իրեն ընտանիքում ազատ է զգում և դժվար է խաղից կտրվում։ Ի վերջո, դպրոցը ուրիշ միջավայր է երեխայի համար և ստիպում է ավելի զգոն լինել»:
  • Ալինա Դանղյանի մայրիկ՝ Մարգարիտա Պողոսյան
    «Մեր հեռավար ուսուցումը շատ էֆեկտիվ է: Առաջադրանքները կատարում ենք հաճույքով, նախագծերը շատ հետաքրքիր են: Շնորհակալություն: Բլոգների հետ երեխաները վարժ աշխատում են, երբեմն մեզ էլ սովորեցնում»:
  • Լուիզա Գևորգյանի մայրիկ՝ Լուսինե Մելքոնյան
    «Համակարգչային նոր հմտությունների, հաստատ, հիմա ես էլ եմ ավելի շատ տիրապետում: Մեզ մոտ խնդիրն այն է, որ երեխան ժամանակի զգացումն է կորցնում ու պատասխանատվության զգացումն է թուլացել»:
  • Սուրեն Աբրահամյանի մայրիկ՝ Մարինա
    «Տղաս հաճույքով է մասնակցում դասերին, և կարելի է ասել, որ ես էլ եմ իր հետ միասին սովորում։ Անշուշտ, նոր գործիքների ծանոթացանք՝ կապված տեսանյութերի խմբագրման և բլոգուսուցման հետ: Եվ այս ժամանակը շատ արդյունավետ օգտագործում ենք»:




Արդյունքում՝ դասավանդող-սովորող-ծնող  «հարթակները»

  • ամրապնդեցին հեռավար հաղորդակցման մեդիամիջավայրը
  • փոխադարձաբար միմյանց համար դարձան սովորող-սովորեցնող, առաջարկող-լրացնող
  •  ֆիզիկական միջավայրում առկա բացը լրացրեցին մեդիամիջավայրում
  • միմյանց տվեցին ինքնակրթության հնարավորություն՝ դառնալով մեկը մյուսին օժանդակող օղակներ
  • զուգահեռաբար կիրառեցին ցանցային զարգացման մեդիահարթակը։

Սակայն, հեռավար ուսուցման հարթակը, որքան էլ դրսևորվի իր հնարավորությունների լայնությամբ և խորությամբ, ունի որոշ բացթողումներ և չի լրացնում ֆիզիկական միջավայրի էմոցիոնալ բացը։ Անդրադառնալով հեռավար ուսուցման համակարգին՝  ծնողները,  սովորողները հաղորդագրությունների, տեսազանգերի, բլոգային հրապարակումների միջոցով  նշում են․ որ  կարոտում են ընկերներին, դասավանդողներին, դպրոցական միջավայրը՝ բակ, դասարան, խոհանոց և այլն, և այլն։

Արձագանքներ՝

  • սովորող Աննա Ոսկանյանից


  • Ալինա Դանղյանի մայրիկ՝ Մարգարիտա Պողոսյան
    «Հեռավար ուսուցման բացասական կողն այն է, որ երեխան կարոտել է Ձեզ, ընկերներին և դպրոցը»:
  • Սուրեն Աբրահամյանի մայրիկ՝ Մարինա
    «Տղաս Ձեզ շատ է կարոտում և ամեն դասի մեծ ոգևորությամբ է սպասում»:

Մարտի 23-27-ը ներառող հեռավար ուսումնական արձակուրդի ընթացքում  իրականացվեց մի նախագիծ՝ «Հիշողությունից մի կտոր, մի կոլաժ», որի նպատակն էր մեդիագործիքների միջոցով պատկերել կրթահամալիրյան ամենավառ հիշողությունները։ Սովորողները վերհիշել էին իրենց ճամփորդությունները, ծեսերը, ձիավարությունը, լողավազանը, տարածքի մաքրությունը՝ դասարանից մինչ Սարալանջ, բակում զբոսանքը և շատ ու շատ ջերմ ու անգին պահեր։

Հ. գ. Հուսանք, որ հնարավորինս շուտ կկարողանանք  վերադառնալ մեր ֆիզիկական միջավայրին՝ վայելելով կրթահամալիրյան բաց միջավայրը, մեր ընկերներին և  տաքուկ գարունը: