Հարիսայի ծես (ներկա մանկություն)

Մանուկ հասակում, երբ մեր տանը շշուկներ էին տարածվում, որ հարիսա են եփելու, մեր՝ փոքրերիս ոգևորությունը տևում էր ընդամենը հինգ րոպե, քանի որ ուռա՜-ներին հաջորդում էր՝ վաղը պատրաստ կլինի։ Ու մենք գնում-գալիս էինք, տատիկին ու մայրիկին տանջում հարցերով՝ ե՞րբ կլինի, ինչքանի՞ց կլինի, բա ե՞րբ կլինի (երևի մերոնք փոշմանում էին, որ հարիսա էին եփելու)։ Եվ որպեսզի գործընթացն արագացնենք, դառնում էինք օգնական-խանգարողներ։ Ձավարը մաքրելու ամեն հատիկի հետ՝ սա գցե՞մ, թե՞ թողեմ, ու այդպես տասնյակ հատիկներ սկսում էին անցնել քննության երկարատև ընթացք։
Երկրորդ ամենահավես փուլը հարիսան խառնելու գործընթացն էր։ Մերոնք այն սկզբում դնում էին գազօջախին, մինչ ջուրը սկսեր եռալ, ու տեղափոխում էին փայտի վառարանի վրա։ Մեկ օրից ավել, հանգիստ կրակով եփվում էր հարիսան, ու մենք հերթ էինք կանգնում, թե ով այն կխառնի։ Խառնում էինք մեծ փայտե շերեփով, որի պոչի հատվածում գեղեցիկ նախշեր կային։ Բավական չէ, որ կաթսան բավականին մեծ էր ( «Շատ էփե՛ք, ջոչ տուն ա, բա օր հուրիշ մարդ գա, հարևաններուն էլ կիտանք, իմ ճժերն էլ կուշտ կուտեն»,- ասում էր Սոֆիկ տատս), շերեփն էլ ծանր և մեզանից մի քիչ փոքր, ու հարիսա խառնելը հսկայակն ջանքեր էր պահանջում։ Հարիսան խառնելուց հետո մեր դեմքի արտահայտությունը նմանվում էր մեդալակրի հպարտության՝ ես հարիսան խառնեցի։
Հարիսայի պատրաստ լինելու մասին մեզ հիշեցնում էր հալեցված յուղի բույրը։ Բույրը տարածվում էր տնով մեկ, ու մենք, բոքոններն առած, վազում էինք յուղի մեջ թաթախելու՝ վերականգնելով ճմուռի աննկարագրելի համը, որը տատս էր պատրաստում ամեն լավաշ թխելուց։
Լցնում են։ Բավական չէ, որ տնական հավով եփված հարիսա էինք ուտում, մի հատ էլ ուզում էինք, որ հավի «ջնազ»-ը մեզանից մեկին բաժին ընկնի, որ նվեր վաստակենք։
Բա հարիսայի հացիկները․․․ ը՜մ, անմահական․․․ Հարիսան դեռ չեփված՝ ուզում էինք ուտել, դեռ չկերած՝ ուզում էինք վերջանար, որ տակի չորացած մասերը ուտեինք։

Փոքրերս չէինք էլ գիտակցում, բայց հարիսա եփելը դառնում էր ծես։ Այն դառնում էր ընտանիքի, բակի, հարազատների տոն։ Առանց տնից բաժին հանելու չէինք ուտում, բարեկամների համար էինք եփում, ոգևորված սպասում ու վայելում։ Գյուղում դա առօրյա է, սիրուն «ավանդույթ», որը գյուղացու համար սովորություն է։ Իսկ քաղաքային միջավայրին դա այդքան էլ բնորոշ չէ։ Բայց արի ու տես, կա միջավայր, որը մեր տան նման, մեր հարևանի նման, մեր գյուղի նման օրը դարձնում է տոն։ Այդ մեծ ընտանիքը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ծեսը բերում է առօրյա՝ մշակում, արժևորում, տարածում։ Ինձ համար կարևոր էր սովորողներիս աչքերում տեսնել այն, ինչը ես ապրում էի իմ մանկության տարիներին։ Կարևոր է տեսնել, թե սովորողն, ինչպես է թոնրի կողքին կանգնած, իր թխած լավաշի բույրն առնում, իր ձեռքով պատրաստած թթուն ուտում ու հյուրասիրում՝ այդ կերպ արժևորելով իր միջավայրը։ Կարևոր է տենել, թե ինչպես է ծնողին, տատիկ-պապիկին, ընկերներին բերում իր կրթահամալիր՝ հարիսա ուտելու։
Նա երեխա է, ով ստեղծում է, փոքրիկ, ով սովորեցնում է։

2 comments

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s