Ժամանակային յուրաքանչյուր փուլ ունի ազդակներ, որոնք այս կամ այն կերպ ներգործում են մտածողության, դաստիարակության և, ընդհանրապես, սերունդների ձևավորման վրա։ Այդ համակարգի կայունացման և սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքի, արժեհամակարգի պահպանման և զարգացման գործին է լծված մանկավարժությունը։ Երևույթն ինքնին բարդ և ընդգրկուն է՝ գալով դեռևս արիստոտելյան փիլիսոփայությունից։ Դարեդար ավանդված համակարգն այսօր էլ զարգանում է, իսկ այդ զարգացումը ապահովում են մարդիկ, ովքեր իրենց գործի նվիրյալն են, մարդիկ, ովքեր սովորում և սովորեցնում են։
Մանկավարժության բնագավառ մուտքը, բնականաբար, չի ենթադրում միայն հազարավոր գրքերի ընթերցանություն։ Այն գործնական կիրառությունների դաշտ է, որտեղ փորձառու մանկավարժները փոխանցում են իրենց փորձը։ Որքան էլ կատարելապես տիրապետես մասնագիտությանդ, միևնույն է, այն պետք է ունենա կիրառական ոլորտներ։ Իսկ արդյունավետ աշխատանքի հիմքում փորձի փոխանակումն է՝ մենթոր-մենթին փոխհարաբերությունը։ Մանկավարժական ակումբի այսօրվա քննարկման հիմքում մենթոր հասկացությունն էր՝ ո՞վ է մենթորը, երևույթն ի՞նչ նպատակներ է ունի, որոնք են հիմնական առանձնահատկությունները և, ի վերջո, ի՞նչ արդյունք կարող է տալ մենթոր-մենթին համագործակցությունը։
Որպես հիմնական առանձնահատկություն՝ նշվեց մենթորի գործունեությունը մանկավարժական դաշտում։ Արդյունավետ աշխատանքի համար մենթորը պետք է համակարգում լինի և սեփական փորձով ցույց տա դիմացինին տվյալ ոլորտի, այս դեպքում՝ մանկավարժության առանձնահատկությունները։ Այդ աշատանքը ենթադրում է երկարատև ընթացք, ամսիների, անգամ՝ տարիների աշխատանք։ Որպես սեփական փորձի դրսևորում՝ լավագույն օրինակը Դպիր մանկավարժական հանդեսի հոդվածներն են, որոնց ընթերցումները ամեն անգամ տալիս են գիտելիք ու մտաեզր՝ հիմքում ունենալով փորձի փոխանակումը։
Որպես մենթորային ուսուցման աղբյուր՝ նշվեց բլոգային ուսուցման համակարգը։ Այն, իրավ, հնարավորություն է տալիս տեսնել դիմացինի աշխատանքը, քննել, վերցնել անհրաժեշտ գործիքները և կիրառել գործուներության սեփական ոլորտում։
Ինչպես նշեց մանկավարժական ակումբի ղեկավար-անդամ Մարիետ Սիմոնյանը․ «Մենք այստեղ դասավանդմամբ չենք զբաղվում, մենք մանկավարժությամբ ենք զբաղվում՝ հետազոտում ենք, ստեղծագործում»։ Ահա այսպիսի մտածողությունն ու բաց համակարգն են, որ հնարավորություն են տալիս ձևավորել մանկավարժական հզոր կառույց։