Արագածյան պատում։ Ելնում ենք մենք սարերն ի վեր, Սարեր, քարեր, դարերն ի վեր․․․

Արագածի քառագագաթ ստվերները
Նախկինում  արագածյան գագաթները պատկերացնում էի պար եկող հավերժահարսերի նման՝ հեզիկ-նազիկ, նուրբ ու մի տեսակ փոքրացած։ Պատճառն այն էր, որ Արարատը ստվերում էր այն։ Ենթագիտակցական բան էր։ Ուժեղ-թույլ հարաբերակցությունն էր՝ չտեսած, չփորձած:  Իսկ հիմա ես գիտեմ ուս ուսի տված  հսկաների մասին։ Ավելի շուտ՝ ես տեսա նրանց, խիստ հայացք զգացի։ Մեծ պապի են նման՝ խիստ են, պահանջկոտ, բայց  նրբանկատ ու զգայուն։ Այսպիսինն են արագածային իմ գագաթները։ Ու, գիտեք, կարոտ եմ զգում նրանց նկատմամբ։ Կանչող մի բան կա․ երևի ինձ թողել եմ այնտեղ, ամեն անգամ գնալով՝ իրական ես-ից մի-մի կտոր բերելու եմ ու բաշխեմ՝ նորերին հետս տանելով, որ իրենք էլ փարվեն  Պապին ու նրա տված իմաստությունը կրեն։

Մկրտության խորան՝ Արագած
Փակ տուփ ես ստանում նվեր, փոքրիկ մի տուփ, ենթադրում ես, թե ինչ կա ներսում ու ենթադրությանդ նեղ արանքում պատկերացնում քո երազած ինչ-որ բանը։ Վստահաբար որևէ առարկա կպատկերացնես, որովհետև սերը արդեն տուփը պարուրած եկել է։ Սերը անցնում է հաջորդ էտապ՝ երջանկությանը, երբ տուփից  հանում ես իրապես հրաշալի, նաև անսպասելի նվեր։ Ես չեմ չափազանցնում գրելով, որ իմ կյանքի ամենամեծ նվերը ստացա երեկ։  Ու ստացա այն ծեսով՝ արագածյան մկրտությամբ։ Հենց լեռնագնացության սկզբից կախարդանքը սկսեց գործել․  վերևում ինչ-որ բան է սպասվում։ Ես այնքան խեղճ էի իմ պատկերացմամբ։ Դա գիտակցեցի, երբ հասա Հարավային գագաթ, երբ բացվեցին աչքերս տիեզերքի առջև։ Կարծես ալիքների վրա էի կանգնած՝ հողի ու օդի միջև ագուցված դեղնակարմիր եզերքում։ Միանգամից բախում եղավ. դեղնակարմիրը կլանեց ինձ, էմոցիաներս խեղդեցին կոկորդս, բախվեցին աչքերիս այնկողմնային  հայելուն,  ու ես վերադարձա։  Այդտեղ  ես զգացի իմ փոքրությունը ու կլանեցի հզորությունն այդ՝ հնարավորինս խորը շունչ քաշելով, տարա իմ ներս, որ  երբեք բաց չթողնեմ, որ դարձնեմ հանգույց՝ օղակ-օղակ ագուցելով իրար, որ ամեն սար դնեմ իմ պատյանից ներս։ Ու ես հաստատ որոշեցի մի բան․ հանգույցներս բացելու եմ քայլ առ քայլ իմ սերունդների առջև, տալու եմ իմ փոքրիկ տիեզերքը, որ առել եմ քարից, հողից ու ամառային ձյուներից։ Իմոնք սարեր են նվաճելու, որպեսզի նվաճեն հենց իրենց։
Ես կամաց-կամաց վերադառնում եմ դեպի ինձ։

Թռիչքը տարիք չի հարցնում
Գուցե հեքիաթային պատումներն են, որ մեր պատկերացումներում  դեռ մանկուց մեզնից մեծի կերպարը խորհրդավոր քողով են շղարշում։ Հատկապես արտաքին տվյալներով  առաջին հայացքից մեր առջև է կանգնում սպիտակահեր, խոհուն-խորհրդավոր հայացքով մեկը, ֆիզիկականի մասին չենք էլ մտածում․ նա ոչ թե գործող է, այլ մտածող։ Եվ ահա երևակայականի և իրականի բախումը ոչ թե փշրանքներ է թողնում, այլ դու տեսնում ես թռիչքը մարդկանց, որոնք ապրում են կյանքով, որոնք ունեն նրբին զգացողություն՝ մարդու, հողի, քարի ու, ընդհանրապես, բնության։ Նրանց կողքին ապահով ես,  վստահ։ Տեսնում ես կյանք տասնամյակներ բոլորած մարմնում, տեսնում հոգու թռիչքը աչքերի հայելային անդրադարձում, ու ինքդ ես դառնում հայելի՝ գողանալով թռիչքների ստվերները։ Երեկ արծվային թռիչքների ականատես եղա։ Արագած վերելքը այդքան տպավորիչ չէր լինի, եթե չլինեին նրանք։

Ընկեր Գևորգը՝ ուտող-խմող, ջան-ջիգյարով,    հսկա լեռների փեշերը բուռը հավաքած՝ խրում է ոտքերը իրեն հարազատ լեռան ձյուների մեջ։

Ընկեր Ալբերտի կողքին լինելը նման է 4000 մետր բարձրության վրա տարածվող լռությանը՝ նա ամենախոս է՝ քամու հնչյունով ու քարերի լռությամբ, ամբարված սիրով ու ջերմությամբ, իր երաժշտությունների նման՝ լուռ և ամենախոս։

Ընկեր Նունեն Արևի հետ է հաղորդակցվում։ Երկուսն էլ տիեզերական են՝  իրենց սիրով առ մարդը։

Արվեստը՝ զգացողություն
Նրանք ու մենք՝ միասին ու օտար՝ հականալով ու մեծ մասամբ չհասկացված մնալով։ Նրանք՝ արվեստագետները, ովքեր վայրկյանի մեջ տեսնում են անժամանակն ու հավերժի մեջ՝ ակնթարթը։ Նրանք, ովքեր գիտեն մեզ ներսից, դրսից, բայց մինչև վերջին վայրկյան որոնում են իրենք իրենց։ Նրանք՝ արվեստագետները, ովքեր շոշափում ու զգում են բաբախը սրտի՝ աննյութացած աշխարհի, նա՝ Վիգեն Ավետիսը, ով ծնկեց բարձրանալով։ Նրա մկրտության պահին ինձ թվաց, թե ես ականատես եմ լինում ծննդյան ծեսի, ինձ թվաց, որ նրա մեջ մի բան մխրճվեց․ լեռներն իրենց նետերն արձակեցին՝ հավերժին տալու։

Իջնում ենք մենք քարերն ի վար,
Քարեր, սարեր, դարերն ի վար․․․


Ոլորապտույտ ողնաշար է՝ մեծ ու հսկայական ողերով,  ամեն մասնիկը՝  կենդանի ու շարժուն։ Իջնում ենք Հարավային գագաթից։ Յու-հուուուուու՜․․․․ Էքստրիմի ինչպիսի՜ զգացողություն։ Այդ պահին միայն դու ես, լեռը ու  նրա ձեռքին համրիչի պես խաղացող ողնաշարը։ Ամեն քարը մեկ աջ, մեկ ձախ։ Դասավորված, յուրաքանչյուրն իր տեղում։ Լեռը քաշում է համրիչը՝ «խեր, շառ, աստված»։   Համրիչի վերջին քարը «խեր» էր․ հասանք։

Ներքին վստահություն կար, որ կհասնենք։ Դա ոչ թե ապրելու ցանկությունն էր, այլ հենց վստահությունը դեպի լեռը։ Եթե այդ պահին ուղղակի մտածես բարեհաջող տեղ հասնելու և «ապրելու» մասին, բոլոր քարերը կփախչեն ոտքերիդ տակից։ Իսկ այսպես քեզ նուրբ, կարծես մետաքսի վրա սահեցնելով իջեցնում է Արագածը։ Մեկ ճոճում է, մեկ պատնեշներ կառուցում, մեկ էլ  փորձում համարձակությունդ՝ դե անցի՛ր, դու կարող ես, ես հավատում եմ քեզ։  Ու մենք հավատացինք նրանց՝ դարերին, սարերին, քարերին,  եկած ու գնացած  մարդկանց, նրանց թողած սիրուն ու կարոտին։ Պոկեցինք այդ կարոտից պատառիկներ ու շաղ տվեցինք քամու ալիքներին։ Իմ կարոտներն էլ եմ թողել, որ վերադառնամ։



Մենք
Մենք ապրեցինք։
Մենք զգացինք դարերը։
Մենք  դարձանք ավելին, քան կայինք։
Դարձանք ՄԵՆՔ։

Լուսանկարները` Ալբերտ Տոնեյանի և Նունե Խաչիկօղլյանի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s