Ցանկացած աշխատանքի արդյունավետությունն ապահովված է այն դեպքում, երբ նախապես տեղեկացված ես, ծանոթ աշխատանքային համակարգին, ծրագրերին, երբ շփվում ես մասնագիտական խմբերի հետ և տիրապետում ես աշխատանքային նրբություններին։ Մանկավարժական բաց ճամբարը լավագույնս ընձեռում է այդ հնարավորությունը։ Լինելով Արևելյան դպրոց-պարտեզի նոր անդամ, ստանալով անսահման ջերմություն արևելյան շողերից, այսօր մասնակցեցի բաց ճամբարին։ Ծանոթացա դպրոցի աշխատակազմին (ընդունելությունն առավել քան ջերմ էր․ մի խոսքով՝ իսկական արևելք)։ Ծրագրի ղեկավար Նառա Նիկողոսյանը վարեց աշխատանքային սեմինար, ծանոթացանք ընդհանուր ծրագրերին։ Մտա այն դասարան, որտեղ աշխատելու եմ։ Նախնական աշխատանքներ կատարեցինք՝ դասարանի մաքրության, իրերի տեղափոխման և տեխնիկական որոշ հարցերի նետ կապված։

Նախագծային խմբերով աշխատանքը տարվեց Մայր դպրոցում, որի ընթացքում ներկա գտնվեցի դասվարների, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ուսուցչի օգնականների վերապատրաստման ծրագրին՝ Լուսինե Փաշայանի ղեկավարությամբ։ Ծանոթացա կրթահամալիրում աշխատող դասվարների, նրանց օգնականների հետ։ Բնականաբար, յուրաքանչյուրից սովորելու բան ունեմ և պետք է օգտագործեմ ընձեռած հնարավորությունը՝ իմ աշխատանքը լավագույնս կատարելու համար։

Մայր դպրոցում ենք՝ Մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքի։ Տիայր Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրում նախատեսված առաջիկա ծրագրերը։