Հանճարն ու ամբոխը
Եղիշե Թադևոսյան
1909թ.
Երևան, Ազգային պատկերասրահ

Իսպանացի փիլիսոփա, սոցիոլոգ և էսսեիստ Խոսե Օրտեգա-Ի-Գասսեթը 1925թ-ին լույս տեսած «Արվեստի ապամարդկայնացումը» էսսեով հիմնովին փոխեց արվեստի ընկալման մասին հաստատված պատկերացումները: 
Առաջին մասում՝ «Նոր արվեստի հերմետիկությունը», Գասսեթը խոսում է արվեստի հասարակական ընկալման մասին նշելով, որ «նոր արվեստը միտված է օժտված փոքրամասնությանը»: Զանգվածը, մեծամասնությունը պարզապես չի հասկանում այն: Ըստ այդմ, զանգվածը, զգալով իր փոքրությունը, թուլությունը արվեստի նկատմամբ, դրսևորում է զայրույթ և չհասկանալով՝ այն արժանացնում է դաժան, անտեղի քննադատության: «Ամեն ինչում իշխելու վարժված զանգվածն զգում է, որ նոր արվեստը վիրավորել է նրա մարդկային իրավունքները: Նոր արվեստը արտոնյալների, նրբազգաց նյարդային համակարգ, ազնվական բնազդներ ունեցողների արվեստ է»:
Սակայն ժամանակն ու արվեստի մասին ըկալումները ժամ առ ժամ փոխվում են։ Փաստ է, որ արվեստը սահմաններ չի ճանաչում և, բնականաբար, ընկալումներն այնքա՜ն տարբեր են։ Ի վերջո, ի՞նչը կարող ենք համարել արվեստ, ի՞նչը՝ ոչ։ Անհերքելի է, որ կան արվեստի բարձրարժեք գործեր, որոնք հարյուրամյակների պատմության կնիքն ունեն և անհերքելի է դրանց դերն ու նշանակությունը (օրինակ, կերպարվեստում դա Վինչիի, Ռեմբրանտի, Միքելանջելոյի, Դեգայի, Սարյանի և այլոց տեղծագործությունները )։ Սակայն, ի վերջո, արդյո՞ք քննադատական մոտեցումը ենթադրել է տալիս, որ դու չես հասկանում արվեստի ստեղծագործությունը և, ինչպես Գասսեթն է նշում, զայրանում ես՝ գիտակցելով սեփական փոքրությունը։ Կարծում եմ, որ դիրքորոշումն այստեղ բավականին սուբյեկտիվ է․ մեկի համար ճապոնացի նկարչուհի Յայոյի Կուսամայի սյուրռեալիստական աշխատանքները, ով համարվում է ժամանակակից ամենահեղինակավոր արվեստագետներից մեկը, անփոխարինելի են, մյուսի համար՝ ընդհակառակը։ Բայց այն, որ գոյություն ունեցող ամբոխային մտածելակերպն արվեստ է համարում իրենը՝ ամբոխայինը, դա արձանագրված փաստ է։ Արվեստի ճանաչումը անծայրածիր հորիզոն է։ Այն արվեստ է, քանզի անգամ արվեստագետին անհասանելի է։ Արվեստագետն ինքնին պրպտում է, որոնում, ստեղծում ու իր հաջորդներին է տալիս հիմք՝ շարունակելու կամ հակադրության։ Դա փուլային անցումների հարատև շղթա է՝ իր չբացահայտված, բայց որոնվող գաղտնիքներով՝ եկած մարդկային անգիտակցության խորքերից․․․

(Մեջբերումները տե՛ս Խոսե Oրտեգա-Ի-Գասսեթ, Մշակույթի փիլիսոփայություն, Եր., 1992թ., էջ 128-182)