Արատեսյան պատում․ Հավերժի ճամփորդները

Արատես
Անունն արդեն իսկ խորհրդավորության անթափանց քող ունի՝ Արատես։ Երկու օր մենք այդ քողից անդին էինք՝ լեռների գրկում։ Մի վայրում, որում լռությունը ներկա է հազարավոր ձայների փոխարեն, որտեղ լռությունն ամենախոս է։ Գիտե՞ք, ինձ թվում էր, որ ես եղել եմ այնտեղ։ Գուցե իմ ներսում գենետիկ հիշողությունն էր արթնացել։ Չգիտեմ, բայց մի բան հաստատ է՝ արատեսյան լռությունը կանչում է ինձ։

Սմբատաբերդի ստվերները․․․
Լեռների ուժը զգացել եմ դեռ մանկուց։ Հայաստանում ամենուր ուս ուսի տված հսկաններն են։ Բայց երբ իրենց գլխին թագեր ունեն՝ ի դեմս հարյուրավոր ամրոցների, դա անհաղթահարելի զորություն է։
Մենք դարձանք Սմբատաբերդ թագը զարդարող քարեր․․․ Պատիվ էր․․․ Երբ բերդում էինք, ամեն ինչ՝ սկսած մեզանից, այնքա՜ն խորհրդավոր էր ու անբացատրելի․․․
Բարձունքը հաղթահարված է։ Մենք ինչ-որ տեղ դարձանք ավելին, քան կայինք։

Պարոն Տարոն
Ցանկացած վայր գնալիս մատծում ես՝ ինչպես քեզ կընդունեն։ Բնությունը մեզ ընդունեց անսահման ջերմությամբ, իսկ մարդիկ՝ էլ ավելի․․․
Ընկեր Տարոնը հսկում էր Արատեսի ճամբարը։ Պոզիտիվ ու անսպառ էներգիայով երիտասարդ է։ Արատես բարձրանալիս մենք լուռ հետևում էինք նրան։ Կարծես բոլորի հետ ներքին պայմանավորվածության մեջ լիներ․ որ քարին բարձրանում էր ու մի քանի վայրկյան մնում, նշանակում էր, որ դա լուսանկարվելու հիանալի վայր էր։ Հետո ինքն էլ հաստատեց․
-Դե նկարվելու տեղերն եմ ցույց տալիս։
Իսկ որ ամենակարևորն է՝ խմբային լուսանկարների ժամանակ պատրաստ կանգնած էր՝ մի քանի հեռախոս ձեռքին։ Թերթում ես նկարները ու հանկարծ՝ ինքնկար․ ընկեր Տարոնը իր մասին հուշեր է թողնում․․․

Ջուլբազը
Բարձրանում էինք Եղեգիս գյուղում գտնվող Զորաց եկեղեցի։ Մեզ փոխադրող մեքենայի կանգին զուգահեռ մոտեցավ ճերմակ մի շուն։ Սկզբում մտածեցի, որ սոված է ու մոտեցել է կեր հայթայթելու։ Բայց արի ու տես, որ տեղանքի հսկիչն է ու բոլոր այցելուներին ճանապարհում է դեպի եկեղեցի։ Անուն էինք մտածում։ Պարզվեց, որ ընկեր Գևորգը շներին Ջուլբազ է անվանում։
-Դե ինչ, ողջույն, Ջուլբա՛զ։ Ինչ լավն ես դու ու բարի։ Քեզ հետ ապահով է ինձ համար դեռևս օտար՝ քո հարազատ ափերում։
Մեր խմբից առաջ չէր անցնում։ Բարեհաջող հասցրեց եկեղեցի, էլի ու էլի լսեց եկեղեցու պատմությունը և ճանապարհեց մեզ մինչև մեքենան՝ հաջորդ այցելուների սպասմամբ։

Երկու օրը՝ հավերժություն ու պահ
Այսօր, արթնանալով Երևանում, լռության պակասը զգացի․․․ Ցանկանում էի արթնանալ Արատեսում «Արև, արև, եկ-եկ» երգի ներքո, ինչպես նախորդ օրը մեզ՝ քնկոտներիս, արթնացրել էր մեր աղջիկներից մեկը։ Հիմա էլ, երբ գրում եմ, անընդհատ հիշողությունս ինձ ետ է տանում, վերադարձնում մի ժամանակի, որը թվաց պահ, բայց ապրվեց՝ որպես հավերժություն։ Արատեսն էր՝ իր սարերով ու քարերով, իր կախարդական տնակներով ու դրանց պահապաններով, սեբաստացիներով՝ ընկեր Տաթևը, ընկեր Մարիետը, Լիլիթն ու ընկեր Սամվելը մեզ համար բացահայտում էին արատեսյան գաղտնիքները, ու մեզանով․․․ Չգիտեմ՝ մենք ի՞նչ տվեցինք հավերժին, բայց նա մեզ տվեց հավերժական պահ։





ՄԵՆՔ
Մենք դարձանք ընտանիք․․․
Մենք ավելի սիրեցինք իրար․․․
Մենք հոգացինք մեկս մյուսի մասին․․․
Դարձանք ՄԵՆՔ․․․

Շնորհակալ եմ, Սեբաստացի։
Մեր աննկարագրելի օրվա մասին պատմող տեսանյութը՝ ստորև․
https://www.youtube.com/watch?v=qkSuQSfk6Lw

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s