Մուտքի ճամբար․ օր 5-րդ՝ Թռչնի թռիչքից էլ բարձր

Հինգ տարեկանում վարում էի երկանիվ՝ չորս անիվի հարմարեցված հեծանիվ՝ հնարավոր վնասվածքներից խուսափելու համար։ Հեծանիվը եղբորս էր պատկանում։ Ինչպես հաճախ լինում է, եղբայրս սեփականատիրոջ իրավունքով թույլ չէր տալիս այն վարել։ Բայց դե ես գտնում էի ելքը․ երբ նա տանը չէր, վերցնում էի հեծանիվը և «փախչում» մի քանի տուն ներքև։ Եղբորս ստվերը նկատելու դեպքում էլ թողնում էի այն ու փախչում՝ առանց գիտակցելու, որ հեծանվով ավելի արագ կհեռանամ։ Մի խոսքով՝ խախտում էի ուրիշի սեփականության նկատմամբ իմ անձեռնմխելիության իրավունքը։ Եվ ահա եղբորս համար նոր հեծանիվ գնեցին՝ մեծ, երկանիվ, գեղեցիկ, մի խոսքով՝ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ։ Եվ ես, որպես տան մեծ երեխա, եղբորս հետ հավասարապես կիսում էի այդ հեծանիվը վարելու իրավունքը, բայց երկանիվ հեծանիվ վարել չէի կարող։
Երկանիվ հեծանիվ վարել ինձ սովորեցրեց հայրս։ Այդ ժամանակ մոտ վեց տարեկան էի։ Մեր տան մոտ վեց տարեկան երեխայի համար բավականին թեք ու քարքարոտ մի ճանապարհ կար, որ տանում էր դեպի գյուղի Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Հայրս բռնել էր հեծանվի թափքային հատվածը։ Ես ապահով վարում էի, դե պտտում էի անիվները։ Երբ հասանք թեքությանը, վախի ոչ մի զգացողություն չկար․ հայրիկը կողքիս էր․․․ Ու նա թողեց ձեռքն ու ասաց՝ Գնա՛։ Ես արգելակելու հնարավորություն չունեի։ Կարծես միայնակ մնայի ամբողջ աշխարհի դեմ, խուճապն աննկարագրելի չափերի էր հասնում, բայց հանկարծ ոգևորող ձայնը՝ Չկանգնե՛ս, գնա՛, պահիր հավասարակշռությունդ, չհամարձակվես ընկնել, ճանապարհը քոնն է, դու պետք է հաղթահարես այն․․․ Ու ես դարձա աշխարհի ամենաուժեղ վեցամյա աղջիկը, ով սովորեց հաղթահարել աշխարհի քարքարոտ ոլորանները․․․
Ամեն անգամ, երբ երկարատև ընդմիջումից հետո վարում եմ, հիշողությունս բացում է պահ տրված այդ թղթապանակը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, մոտ տասը տարվա ընդմիջումից հետո, վարեցի առաջին անգամ՝ Արևելյան դպրոցի ճամբարականների հետ իջնելով դեպի Մայր դպրոց։ Ու ես տեսնում էի վեցամյա աղջնակին, ով իջնում էր Արևելք-Մայր դպրոց թեք ճանապարհով, որտեղ ոչ մի քար չկար, ոչ մի արգելք չկար․․․ Եթե ժամանակին քարքարոտ ճանապարհը չհաղթահարեի, հիմա, հաստատապես, կվախենայի հարթությունից։
Մուտքի ճամբարի հինգերորդ օրն էր․․․ Նայում էի հեծանիվ վարել չկարողացող մեր աղջիկներին ու երախտապարտ էի հորս, որ սովորեցրել է, անգամ՝ կրակել է սովորեցրել, բայց դա մի ուրիշ պատմություն է․․․ Փորձում էի օգնել աղջիկներին գիտակցելով, թե որքան կարևոր է դա։ Գուցե մտածեք, թե չափազանցնում եմ, բայց հեծանվավարությունը թռիչքի նման մի բան է․ դու միաժամանակ և՛ երկրի վրա ես, և՛ երկնքում։ Այդպես, երևի, թռչնից էլ բարձր ես ճախրում։

Քարի հետ շփվելու հնարավորություն ունեցել եմ 2007 թվականին։ Մեր թաղամասում մատուռ էին կառուցում՝ Շեկ Ավետարանը։ Շինարար-քանդակագործը երեխաներին թույլ էր տալիս դեն նետված քարերի վրա նախշեր անել և նրբություններին էր ծանոթացնում։ Պատկերացրեք, թե ինչքան ոգևորված էինք։ Ու կրկին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը վերակենդանացրեց այդ հիշողությունը․ քանդակում էինք քարի վրա․․․
Փոքրիկ տեսանյութ՝ ստորև․․․
Հ․գ․ շատ խիստ չվերաբերվեք․ սկսնակ եմ ))
https://www.youtube.com/watch?v=tmJqvqaoCDM

Ժողովրդական օպերա․ անսահմանություն կա ակունքներում։
Ընկեր Մարինեն մեզ ավելի ամուր կապեց մեր ակունքներին։ Տեսանյութը՝ ստորև․
https://www.youtube.com/watch?v=JKSYKs2_GuY&feature=share

Գևորգ Հակոբյանը վարեց մանկավարժական զրույց։ Քննարկման հիմքում
Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքի « Նախաբան»-ը ու «Ինչպես ուսումնասիրել երեխաներին» բաժինը և Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ» հոդվածը։

Օրվա ամփոփ ֆոտոշարքը՝ ստորև․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s