Ստեղծագործական կերպարի հասկացությունը (գեղարվեստական թարգմանություն)

Մ․ Յու․ Լոտման
1922-1993

Հատված նշանագետ, մշակութաբան և բանասեր Մ․ Յու․ Լոտմանի «Գեղարվեստական տեքստի կառուցվածքը» (“Структура художественного текста”) աշխատությունից։

      Տեքստի  ստեղծման հիմքերն են կառուցվածքը և գործողությունը: Վերջինս անընդհատ զարգանում է: Ըստ այդմ  առանձնացվում են տեքստային երկու գործառույթներ՝ պասիվ և ակտիվ: Պասիվ՝ անսյուժե տեքստը,  Մ. Լոտմանը համեմատում է  ծովային քարտեզի հետ՝ որպես այդպիսին նշելով նաև ինքնաթիռների չվացուցակները, օրացույցերը և այլն, գեղարվեստական տեքստում՝ իդիլաները (հովվերգություն): Երբ քարտեզի վրա նշվեն  ծովային նավատորմի կանոնավոր շարժումները կամ խախտումները, դիրքից դիրք  տեղափոխությունները և այլն, ապա քարտեզը կդրվի գործողության մեջ: Այդ կերպ է աշխատում նաև տեքստը. տեքստ է ներմուծվում գործողություն, ինչպես քարտեզում:  Քարտեզի վրա նշելով  որևէ նավի կամ նավատորմի շարժումները, գործողությունները՝  մենք ստանում ենք սյուժետային տեքստում առկա գործողություն հիշեցնող ինչ-որ բան:
Այն պահից, երբ քարտեզի վրա նշվում է  ոչ միայն  նավի ընդհանուր  երթուղին, այլև որևէ նավի անցած ճանապարհը, քարտեզ է ներմուծվում կորդինատային որոշակի համակարգ:  Քարտեզը և նախանշված ուղին տարածական և համաժամանակային հակադրություններ  են, բայց այն պահից, երբ  նշվում է նավի ուղին, հնարավոր է դառնում առաջադրել այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, ժամանակացույցը (կատարվե՞լ է արդյոք  այդ գործողությունը,  կատարվում է հիմա՞, թե՞  կկատարվի ապագայում) և նրա ռեալության աստիճանը:
Քարտեզը կարող ենք պատկերացնել որպես սյուժետային տեքստի մոդել, որն ունի  երեք մակարդակ.

  1. անսյուժե կառուցվածքի մակարդակ
  2. ստանդարտ գործողության մակարդակ՝ նախասահմանված կառուցվածքի սահմաններում
  3. կոնկրետ գործողության մակարդակ

     Նշված մակարդակների փոխհարաբերությունը  փոխվում է այն բանից, թե ինչպիսին է  կառուցվածքային հիմնական հակադրությունը.

կոդ          հաղորդագրություն

 1      ――    2,3
1,2   ——     3

Այս կերպ երկրորդ մակարդակը (ստանդարտ գործողության մակարդակը) ընկալվում է և՛ որպես կոդ, և՛ որպես հաղորդագրություն՝ կախված  նկարագրվող երևույթից:
Վ. Պրոպպի «Հեքիաթի միֆոլոգիան» աշխատությունից սկսած ակնհայտ է, որ կերպարը իրենից ներկայացնում է կառուցվածքային  ֆունկցիաների խաչաձևում:  Պրոպպը նշում է նաև երեք հիմնական գործառույթներ՝ հերոս, օգնական, վնասող:
  Ցանկացած սյուժեի անխուսափելի տարրերից են.

  1. որոշակի իմաստաբանական դաշտերը՝ բաժանված փոխկապակցված ենթաբաժինների,
  2. այդ ենթաբաժինների միջև գոյություն ունեցող սահմանը, որը սովորական պայմաններում  անխախտելի է, բայց անցանելի է դառնում գործող կերպարի համար
  3. գործող կերպարը:

      Այս բաղադրիչներից յուրաքանչյուրը  բնորոշվում է որոշակի հատկանիշներով՝ բացահայտելով  իր իսկ փոխհարաբերությունը սյուժետային այլ տարրերի հետ:
Այդպես  սյուժետային գործողության ելակետը գործող կերպարի և նրան շրջապատող  դաշտի  հարաբերությունն է: Եթե հերոսը իր բնույթով  համապատասխանում է  իրեն շրջապատող աշխարհին կամ անկարող է անջատվել վերջինից, ապա սյուժեի զարգացումը անհնար է:  Կերպարը կարող է նաև չկատարել գործողություն. նավը կարող է չլողալ, մարդասպանը կարող է չսպանել, բայց իրենց բնավորության  փոխհարաբերությունը արտաքին աշխարհի հետ  ի ցույց է դնում, որ նրանք  անգործունակ գործողներ են:
Սյուժետային դաշտի հետ փոխհարաբերության տեսանկյունից  գործող կերպարը հանդես է գալիս որպես այն հաղթահարող, իսկ սահմանը հերոսի հետ փոխհարաբերության տեսանկյունից՝ որպես խոչընդոտ: Կախարդական հեքիաթի վնասողները, Ոդիսևսի թշնամի ալիքները, քամիներն ու ծովային  փոթորիկները, կեղծ ընկերները, վեպերում կամ դետեկտիվ ժանրում կեղծ հանցանշանները և այլն կառուցվածքային առումով  իրականացնում են նույն ֆունկցիան. կատարում են անցում  իմաստաբանական մի դաշտից մեկ այլ՝ ծայրաստիճան դժվարեցված դաշտ, որը անհաղթահարելի է բոլորի համար, բացի գլխավոր կերպարից (սակայն հնարավոր է սյուժետային այլ զարգացում ևս, երբ  գործեղ կերպարը կա՛մ մահանում է, կա՛մ  այլևայլ պատճառներով «դուրս մնում խաղից»՝ չհաղթահարելով սահմանները):  Գործող կերպարի օգնականները տեքստերում  սահմանի հաղթահարման ֆունկցիայի շերտավորման արդյունք են:
Հաղթահարելով սահմանը՝ հերոսը մտնում է «հակադաշտ»:  Որպեսզի  գործողությունը դադարեցվի, նա պետք է միաձուլվի այդ «հակադաշտին», այսինքն գործող կերպարից վերածվի երկրորդականի: Եթե դա չի կատարվում, նշանակում է, որ սյուժեն դեռ չի  ավարտվել, և գործողությունը շարունակվում է:  Այդպես, օրինակ,  կախարդական հեքիաթի հերոսը  սկզբնական իրավիճակում այն աշխարհի «մի մասն» է, որին պատկանում է. նա արտաքսված է, չընդունված,  օտարված, իրական էությունը չդրսևորած:  Այնուհետև նա հաղթահարում է «այս» աշխարհը «այն» աշխարհից զատող սահմանը:  Հենց սահմանն է (անտառ, ծով) կապված ամենադժվարին փորձությունների հետ: Բայց քանի որ հերոսը «այն» աշխարհում ևս չի ձուլվում շրջապատին («այս» աշխարհում նա աղքատ էր, թույլ, անօգնական, փոքր եղբայրն էր  հարուստ, ուժեղ և ավագ եղբայրների մեջ, իսկ այն աշխարհում՝  մարդ՝ վատ մարդկանց մեջ),  սյուժեն չի դադարում. հերոսը վերադառնում է և, փոխելով իր միջավայրը, դառնում  է տեր և ոչ թե  հակապատկերը «այս» աշխարհի:  Հետագա  գործողությունն անհնար է: Հենց այդ պատճառով, երբ սիրահարը ամուսնանում է, սահմանները վերանում են, ապստամբները հաղթանակում են, սյուժեի զարգացումն անհնար է: 
Մ. Լոտմանը, որպես օրինակ,  նշում է նաև վերափոխման սյուժեն: Աստվածային էակը ձեռք է բերում այլ կեցություն այն բանի համար, որ ցած իջնի աստվածային երջանիկ աշխարհից մարդկային աշխարհ (նա ազատություն է ձեռք բերում իր  շրջապատից), ծնվում է երկրի վրա (սահմանի անցում), դառնում է մարդ (մարդկության զավակ), բայց կրկին չի հարմարվում  նոր պայմաններին: Երկրային աշխարհում նա այն աշխարհի մի մասնիկն է: Եթե կերպարը ձուլվում է  միջավայրին, նշանակում է, որ գործողությունն ավարտված է:Սյուժետային այլ գործառույթների (շրջապատող աշխարհ, խոչընդոտներ, օգնություն և այլն) և գործող կերպարի նույնականացումը  անտրոպրոմորֆ[մարդկային ձևի, հասկացության փոխանցումը անշունչ առարկայի] կերպարի հետ ներկայացվում է այնքան բնական և  սովորական, որ սյուժետային ամեն մի դրվագ ներկայացվում է որպես մարդկանց միջև հարաբերությունների զարգացում և հաստատում։  Հաստատվում է այն, որ տեքստերը ստեղծում են մարդիկ և մարդկանց համար: Փորձելով  սա ներկայացնել  քարտեզի և նավի անցած ճանապարհի փոխհարաբերությամբ՝ Մ. Լոտմանը նշում է, որ

  • խոչընդոտներով նավը անձ չէ, այլ փոթորիկ, ծովային հոսանքներ և քամիներ
  • սահմանը օվկիանոսն է
  • շրջապատն ու հակաշրջապատը՝ մեկնման, հերոսի անջատման կետը և վերադարձը նույն կետին:

     Այդպես, օրինակ, չինական  տեքստերում հաճախ որպես գործող կերպար հանդես է գալիս մարդակերպ աղվեսը, իսկ մարդկանց վերագրված է գործողության իրավիճակը (շրջապատ, խոչընդոտներ, փորձություններ և այլն): Կարող է նաև գործող կերպարը անտրոպրոմորֆ չլինել, իսկ սահմանը կամ  գործող կերպարը շրջապատող տարածությանը կարող են տրված լինել անտրոպրոմորֆի հատկանիշներ:
Վերջապես, կերպարների  անտրոպրոմորֆիզմը դեռ չի նշանակում մեր անձի հետ նույնականացում, մարդու մասին կենցաղային պատկերացում: Այդպես,  օրինակ, երբ սպանության համար վրեժխնդիր են լինում արական կողմի հարազատներից, ակնհայտորեն այստեղ նպատակը սպանությունը կատարողին տրվելիք պատասխանը չէ, այլ  հաստատապես կա համոզում, որ  սպանությունը կատարողը տոհմն է, իսկ անմիջապես կատարողը՝ զուտ տոհմի զենքը: Այդ պատճառով նշանակություն չունի, թե տոհմի ներկայացուիչներից ով կկրի պատասխանատվությունը:
Անդրադառնալով մատենագրական աղբյուրներին՝ Մ. Լոտմանը նշում է, որ առավել հանգամանալից  ուսումնասիրությամբ  ակնհայտ է դառնում, որ գործող հիմնական կերպարներն են  աստված, սատանան, հրեշները, հրեշտակները, բարի և չար  խորհրդականները, իսկ պատմական անձինք՝ լեգենդների հերոսներ, որոնք իրենց ձեռքին ունեն զենք-զինամթերք: Մարդու պասիվ, «զինվորական» դերի մասին պատկերացումը անխուսափելիորեն հավասարեցրել է աստծուն և սատանային՝ որպես գործող կերպարների: Դա, բնականաբար, դուր չէր գա մատենագրին, ով էլ լրացուցիչ կերպարների միջոցով փորձում էր  ընդգծել սատանայի և նրա ենթակաների անզորությունը:  Ձեռագրերում գործողությունը զարգանում է այնպես, ինչպես, օրինակ, «Իլիական»-ում, որտեղ տեղի է ունենում երկակի պատերազմ՝ աստվածների և աթենացիների ու տրոյացիների միջև:
Աստվածաբանական-էթնիկական տարանջատման տեսանկյունից ձեռագրերում գործող կերպարներն են աստվածները և սատանան, իսկ մարդը  զուտ գործողության կատարման ռազմական միջոց է:  Դա այնքան բնորոշ է միջնադարյան մարդուն, որ նա այդտեղ որևէ հակասություն չի տեսնում:  Դա բնութագրվում է նրանով, որ, ընդհանրապես, մարդու դերը երկրորդական է:  Օրինակ, նա հեղինակ չէ որևէ սուրբ ձեռագրի, այլ զենք է աստծո ձեռքում՝ «աստվածարար» գործողության կատարման համար:
Թերևս միջնադարյան ձեռագրերում կերպարները մտցված են իմաստային այլ դաշտեր ևս, ինչպես, օրինակ, սոցիալ-քաղաքական դաշտն է, որում բարձրացվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են «ռուսական հող» և «ոչ ռուսական հող», «երկրի ճիշտ կառավարում» և «սխալ կառավարում» հասկացությունները և այլն:
Աշխարհի  գեղագիտական պատկերը, սյուժեի բնույթը և կերպարի տիպը փոխկապակցված են: Մ. Լոտմանը նշում է, որ բազմաթիվ կերպարներ՝ գեղարվեստական և ոչ գեղարվեսըական տեքստերում, մարդկային անուններով և արտաքինով, կարող ենք բաժանել երկու խմբի.

  1. գործող կերպար և նախապայմաններ
  2. գործողության ծավալման հանգամանքներ:

     Որպեսզի սյուժետային գործառույթների այս երկու խմբերը «մարդկայնացվեն», պահանջվում է աշխարհի իմաստավորման յուրօրինակ բնույթ՝ պատկերացում առ այն, որ գործող ուժը մարդն է, և մարդն էլ ստեղծում է այդ խորընդոտները:
   Ըստ Մ. Լոտմանի՝ առաջին խմբի  կերպարները տարբերվում են երկրորդից շարժունակությամբ՝ կախված տվյալ միջավայրից: Սակայն այդ շարժունակությունը էական մի հատկության արդյունք է. այն է՝ գործող կերպարը երկրորդականից տարբերվում է նրանով, որ ունի որոշակի գործողություններ կատարելու իրավունք, որոնք արգելված են մյուսներին:  Այդպես գլխավոր կերպարը ունի  շրջապատից էականորեն տարբերվող պահվածք, և նա ունի դրա իրավունքը: Որոշակի պահվածքի իրավունքը (հերոսական, գոռոզամիտ, խենթ, անկանխատեսելի, խելացի, տարօրինակ. նա միշտ ազատ է պարտականություններից, որոնք պարտադիր են երկրորդական կերպարների համար) բնորոշ է  համաշխարհային գրականության բազմաթիվ կերպարների, ինչպիսիք են Դոն Կիխոտը, Համլետը, Ռիչարդ III-ը և այլք:
Որպես գործող կերպար կարող է հանդես գալ ոչ միայն  մեկը, այլև որոշակի խումբը՝ զորք, ժողովուրդ և այլն (օր., «Տարաս Բուլբա», «Վարդանանք»), որը ծավալվում է գործողության որոշակիորեն ավելի լայն միջավայրում:
Համեմատելով վեպում և նովելում կերպարային համակարգը՝ Մ. Լոտմանը հետաքրքիր տարբերություն է նկատում խաբեբայի կերպարում: Նովելի կառուցվածքը հստակ սխեմայով է՝ խարդախ հերոսը գործում է «հարուստ-աղքատ» իմաստային  դաշտի վրա: Նա աղքատ է, բայց, ի տարբերություն իրեն շրջապատող այլ կերպարների, օժտված է  գործողությամբ, խելքով, որոշակի արգելքների չենթարկվելու իրավունքով: Հարստության և աղքատության միջև  սահմանը  անհաղթահարելի է  հիմարի համար, բայց սարսափելի չէ  խաբեբայի  համար: Այդ կերպ  խաբեբան աղքատից վերածվում է  հարուստի, անհաջողակ շնչավորից՝ երջանիկ ամուսնու կամ սիրեկանի:
  Վեպում նկատվում է խաբեբայի կերպարի որոշակի բարդացում: Որոշ էպիզոդներում հիմնական կերպարը ներկայանում է  որպես խաբեբայության օբյեկտ՝ այլ խաբեբայի համար դառնալով օրինակ աղքատի և հարուստի միջև գոյություն ունեցող սահմանը հաղթահարելու համար:


Ռուսերենից թարգմանեց՝ Արմինե Մովսիսյանը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s