ԿՈՂՄ-ԴԵՄ․ մանկավարժական զրույց

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ․ տերմին, երևույթ, հասկացություն, նպատակ ու էլի-էլի տասնյակ բնորոշումներ։ Մարդու գիտակից ամբողջ կյանքը կառուցվում է սովորել-սովորեցնել համակարգի վրա։ Սովորեցնում կամ սովորում ես չգիտակցելով, հաճախ՝ պարտադրված, հաճույքով՝ կախված նրանից, թե այդ համակարգը տվյալ պարագայում կիրառական ինչպիսի ընդգրկում ունի։
Կրթական մանկապարտեզ-դպրոց-համալսարան կառույցը՝ որպես փուլային անցումների շղթա, թվում է ամբողջական։ Բայց այս երեք համակարգերը շատ հաճախ իրար հետ գրեթե կապ չունեն, մասնատված են։ Չկա համագործակցային, հաջորդական անցումների, փոխհամաձայնությունների շղթա։ Ես ինքս համալսարանում եմ սովորել շատ ու շատ բաներ, որոնք, ըստ իս, պետք է դպրոցը տար, որպեսզի համալսարանը ստիպված կրկին չսկսեր տառաճանաչությունից։ Հիմա կասեք՝ սովորել, նշանակում է ինքնակրթվել․․․ Ինքնակրթությանն էլ պետք է սովորեցնել․ տու՛ր մեկ դուռ բացող բանալի և հարյուրավոր դռներ, և կբացվեն բոլոր դռները։ Բայց կրթական համակարգը մեծ մասամբ խոսում է փակ դռները բացելու մասին, բայց չգիտե, թե ինչ է բանալին։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարում մանկավարժական զրույց վարեց Գևորգ Հակոբյանը։ Ծրագրի շրջանակներում ընթերցվել են «Դպիր» ամսագրում հրապարակված Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքի Նախաբանը և Ինչպես ուսումնասիրել երեխաներին բաժինը: Այսպիսով, պնդումներ, որոնց կողմ-դեմ եմ։
ԿՈՂՄ
Երեխաները հատկապես մինչև դպրոց ընդունվելն են լավագույն ձևով սովորում:
Հիմքում ազատ և չպարտադրված համակարգն է։ Երեխան կրթվում է իր ներքին ձգտումներին համապատասխան։ Կանոններ, իհարկե, ամեն տեղ կան։ Երբ երեխան անընդհատ զգում է պարտադրանքի թոդիկյան մեթոդը, սպանում է ոչ պակաս, քան իր ունակությունների 80 տոկոսը, բայց երբ կա «ընտրելու» և ինքնագնահատվելու հնարավորություն, անգամ որոշակիորեն «պարտադրված» նյութը նա ընդունում և ընկալում է առանց տրտնջալու։ Դա նախ և առաջ այն պատճառով, որ հարգում ես երեխայի անձնական տարածքը և նույնը փոխադարձ ստանում։
Բոլորիս էլ քաջ ծանոթ է այն երեևույթը, երբ մինչև 4-5-րդ դասարան երեխաների մեծ մասը սովորում է լավ, բայց յուրաքանչյուր տարի սովորողների քանակը գնալով պակասում է (էլ չեմ ասում, որ «սովորել» ասածն էլ հարաբերական է)։ Պատճառը գերպարտադրված համակարգն է։ Մեծացող երեխան չի դիմանում դրան։ Ինչպես նշում է Ջոն Հոլթը վերը նշված աշխատությունում․ «․․․երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին, և նրանք հեշտությամբ ու բնականորեն են սովորում, քանի դեռ մենք չենք խանգարում նրանց»:

ԿՈՂՄ-ԴԵՄ
Որպեսզի վստահենք երեխային, մենք պետք է մեզ վստահենք, այնինչ մեզանից շատերին դեռ մանկական տարիքում ներշնչել են, որ ինքդ քեզ վստահել չի կարելի:
Պատճառը ծնում է հետևանքներ, այո, բայց պնդմանը արձագանքում եմ ԿՈՂՄ-ԴԵՄ կառույցով, քանի որ ամեն բան չէ, որ մանկական տարիքի հետևանք է։ Իհարկե, ֆրեյդյան համապատասխան պնդմանը, ըստ որի մենք այն ենք ներկայում, ինչպիսիսն մեզ ստեղծել են մանկական տարիքում, կողմ եմ հաստատապես, բայց կան երևույթներ, որոնք արտաքին ազդակներ ունեն և ենթակա են փոփոխության։ Գոյություն ունեն նաև «ազգային ինքնագիտակցություն, նամուս-թասիբ» ու նման երեևույթներ, որոնք ծայրահեղ աստիճանի են հասնում՝ պարտադրվելով հասարակության կողմից։ Երբ այդ ամենը անհատականի և հասարակականի՝ որպես պատմական փորձի համադրում է, դա կատարյալ է, բայց հաճախ ճղճիմության աստիճանի է հասնում։

ԿՈՂՄ
Պարզապես չեմ հավատում, որ իրական ընտրության ընդունակ, ամենալայն հնարավորությունների տեր երեխաները կուզենան շատ ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, բացի ուսուցման գործընթացից և որտեղ միակ չափահաս մարդը, որին հանդիպում են, առարկայի մասնագետն է՝ ուսուցիչը, որ մի խնդիր է իրականացնում. հետևում է երեխաներին և պարտադրում կատարել տարբեր հանձնարարություններ:
Ինչ խոսք՝ ձանձրալի է։ Երևանի դպրոցներից մեկում վերապատրաստումներիցս մեկի ժամանակ ինձ ու երեխաներին պատկերացնում էի վանդակում։ Երեք օր անընդհատ քննարկում էինք նույն փոքրածավալ հեքիաթը, քանի որ ծրագրով այդպես էր տրված։ Ասելու բան ուղղակի չկար։ Անգամ անընդհատ կրկնությունները չէին ամրապնդում ոչինչ։ Ստիպված ելքեր էի փնտրում, բայց ուսուցչի ներկայությունը շատ խիստ սահմաններ էր գծում։ Փորձում էի գոնե մի նոր նյութ գտնել։ Երեխաներին պատմեցի գրաբարի մասին։ Պատկերացրեք, որ անգամ այդ դեպքում նրանք ուղղակի ոգևորվեցին, երբ հենց տվյալ շեղումն էլ զուտ տեսական նյութ էր, բայց դա նրանց ոգևորեց։ Ու ես մտածում եմ, թե ինչպիսի թռիչքներ կլինեն, եթե վանդակն իսկապես բացվի․․․։

ԿՈՂՄ
․․․ կենդանի ու հաճելի զգացումները ավելի հեշտ են հիշվում, երկրորդ՝ հիշողությունը ավելի լավ է աշխատում, եթե նրան չեն հարկադրում։
Կողմ եմ երկու ձեռքով․․․
Գևորգ Հակոբյանը մեր՝ վերապատրաստվողների հետ առաջին հանդիպման ժամանակ ծանոթության հետաքրքիր ձև ընտրեց․ առաջարկեց մեզ պատմել դպրոցական ուսումնառության որևէ կարևոր և հետաքրքիր դեպքի մասին։ Պարզվեց, որ մեզ համար «ուսումնառություն» ասվածը դասից փախչելն էր, խաղերն էին, մեր կատարած չարաճճիությունները և այլն։ Մենք ազատ էինք մեր կատարած ընտրության մեջ, բայց բոլորս գնացինք դեպի կատարած քայլի՝ գործողության հիշողությանը։

ԿՈՂՄ-ԴԵՄ
Եթե երեխային ստիպում ենք վախենալ, ապա հիմնովին կասեցնում ենք ուսուցման գործընթացը:
Այո՛, իսկապես վախը դառնում է բթացման և բնազդի հիմնական ազդակ։ Այն էլ կրթության բնագավառում այն չափազանց վտանգավոր է։ Բայց այս դեպքում ևս մեկ՝ հաճախ հանդիպող երևույթ է տեղի ունենում՝ «ռոբոտացում» կամ, ինչպես հաճախ նշում են՝ «անգիր»։ Վերջինիս դեպքում երևույթը նման է անարմատ բույսի՝ միատարր է, կա, բայց աճողական չէ։ Թոդիկյան մեթոդը բնորոշիչ օրինակ է։

ԿՈՂՄ
Երեխաները կարող են ամեն ինչ սովորել, ինչին ընդունակ են սովորելու կամ կցուցադրեն, թե ինչ են սովորում:
Բա դպրոցում ի՞նչ կար, ի՞նչ ստացար, ի՞նչ արեցիք, ո՞վ ինչ ստացավ, 1+1 ի՞նչ կստացվի, դու սա պետք է սովորես և այլն, և այլն․․․ Թողե՛ք երեխային հանգիստ, մի՛ նեխուժեք նրա անձնական տարածք։ Տվե՛ք նրան ընտրության հնարավորություն, թող նա որոշի՝ պատմի, թե ոչ։ Նա ինքի կցուցադրի իր սովորածը՝ թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ կրթական տեսանկյուններից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s