Անսահման խորք՝
արտաքին սեղմության մեջ։

Առակների այլաբանական շերտերը հայտնի են բոլորիս։ Յուրաքանչյուրս առակում անպայման որևէ ենթատեքստ է փնտրում։ Որպես կանոն՝ Եզոպոսի առակներից սկսած, ընթերցողին տրվում է տեքստային որոշակի կառույց՝ հիմնականում կարճ և կոնկրետ գործողություններով, որոնք ենթադրում են որևէ մեկնաբանություն՝ կամ առակագրի, կամ ընթերցողի կողմից։ Բայց պատկերացրեք, որ առակը կազմված է մեկ կամ երկու նախադասություններից։ Ակամայից հիշում եմ հեմինգուեյյան խելահեղությունը՝ աշխարհի ամենակարճ՝ վեց բառից բաղկացած պատմվածքը, որը նախորդ գրածներից ամենահուզիչն էր լինելու՝ «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»։ Այստեղ ենթատեքստային կառույցները բավականին շատ են, բայց, բնականաբար, այն զիջում է «առակային սրամտությանը»։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի «Լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն» դասընթացի շրջանակներում ուսումնասիրեցի Կարել Չապեկի փոքրիկ առակները։
Ամբողջական ընթերցման ժամանակ սոցիալական արձակի որոշ առանձնահատկություններ էի զգում։ Գուցե պատճառն այն է, որ Չապեկի գործերը մեծ ազդեցություն են թողել սոցիալական ֆանտաստիկայի զարգացման վրա։

Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Կարծում եմ, որ առակը մեկնաբանության երկու եզր ունի՝ որպես պատասխանատվություն և որպես ենթակայություն։ Ենթակայությունը ենթադրում է փոքր ֆիգուրի առկայություն՝ աքաղաղի դերով, որը կտուցը հասցնում է անհաղթահարելիին։

Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Ուշադրություն դարձրեք վերնագրային կառույցին․ ճնճղուկը, միայնակ խոսելով, և, գուցե, իրեն զորեղ ցույց տալով, ֆիզիկապես համադրվում է իր տեսակի բազմազանության մեջ՝ հակադրվելով անհատապես առավելին՝ սոխակին։ Վերնագիրն անհատական իմաստային-կառուցվածքային դաշտ ունի, տեքստը՝ ընդհանրացնող, ինչն էլ ճնճղուկին միանգամից պոկում է իր ենթադրյալ ուժից։ Մարդկային հարաբերություններում ևս տեսակի բազմազանությունը հաճախ փորձում է ազդել քանակապես քչի վրա՝ փորձելով հաղթահարել դիմացինի ներանձնային հզոր դաշտը։

Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։
Կրկին վերնագրային կառույցը բացում է ենթադրյալ կոդերը։ Ժամանակի հետ քայլելը մեծ մասամբ սեփականի աստիճանական ոչնչացում է նշանակում։ Այն դառնում է միատարրություն՝ ի վերջո փտելով։ Բայց ցավալին փտածության աստիճանը չգիտակցելն է։ Լինելով 21-րդ դարի մարդիկ՝ մենք ունենք հազարամյա անցյալ։ Ժամանակի ճիշտ գիտակցումն ու կառավարումը հիմնված է համադրման կառույցի վրա՝ ոչ միայն մեր առօրյայում, այլև նրանում, ինչ մենք ժառանգել ենք։

Հարևան
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծում։
Գործող-մտածող-երրորդ կողմ կառույցն է։ Երրորդ կողմը հարևանն է՝ որպես քննադատ (հմմտ․ համանուն առակի հետ)։ Այստեղ, իհարկե, առարկայական է վերնագիրը, բայց այն չեմ դիտարկում որպես բառացի ակնարկ։ Այն հարաբերական է։

Ճանճը պատուհանի ապակուն
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։
Շատ ծանոթ երևույթ է՝ սահմանններ ես գծում՝ ամեն ինչ՝ կյանք, մարդկային հարաբերություններ, գիտելիք և այլն հաղթահարած կարծելով։ Հատկապես գիտելիքի դեպքում սարսափելի է։ Չլինե՛նք ճանճի նման՝ կեցության սահմանը որոշելով, լինենք Պլատոնի նման՝ ոչինչ չիմանալով՝ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։

Հայելի
Մարդը լոկ իմ պատկերացումն է։
Հայելային սինդրոմը սարսափելի երեևույթ է։ Բառիս բուն իմաստով ՝ երկվություն։ Յուրաքանչյուրն ունի կարծիք դիմացինի մասին՝ հայելային արտացոլման պես՝ թափանցիկ ու անթափանց։ Մի՛ տրվեք հայելային ոլորաններին։

Մարդը սարդոստայնում
Սպասելը ևս հեշտ աշխատանք չի․․․
․․․ հատկապես, երբ քեզ պետք է ոչնչացնեն։ Սպասիր և զբաղվիր ինքնաոչնչացմամբ։ Թերևս, առակը բնութագրական է կյանքի ցանկացած իրավիճակի համար։

Պատգամ
Ինչ-որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։
Պատգամ՝ առ գործողություն։ Վատ չէ մտածված։ Ահա «թանկարժեք փտման» հիանալի օրինակ։ Հրամանը այն տվողի կողմից դիրքային բարձրություն է նշանակում։ Բայց հաճախ ուղղակի ենթադրվում է հենց հրամայողի կողմից, ինչպես մարդկային ամենահասարակ շփման մեջ։

Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։
Նայեք մեր ներսը․ յուրաքանչյուրս էլ ցանկացած պահի բռնակալ և փիլիսոփա ենք։ Բռնակալը չեմ դիտարկում բուն նշանակությամբ, այլ՝ քայլերի ամբողջական համակարգում։ Մեր յուրաքանչյուր գործողության առաջին փիլիսոփան հենց մենք ենք։

Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ։ Այս ինչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։
Անխոս, հիշում ենք ՝ «Մարգարիտներ շաղ մի՛ տվեք խոզերի առաջ»։ Բայց դե ինչու՞ եք շաղ տալիս, ինչու՞ եք մոտենում կեղտաջրին։ Դա նրա տարածքն է, և նրան դուր է գալիս։ Դու ինքդ էլ, գուցե, ինչ որ մեկի համար խոզային վիճակու՞մ ես։ Քայլի՛ր առաջ, որ մարգարտային աստիճանից հետ չգլորվես։

Ներոն
Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։
(տե՛ս Հ․ Սենկևիչ, Յո՞ երթաս)
Հերքման-հաստատման պատճառահետևանքային կապի հզոր օրինակ է։ Այս առակում բախվում են ներոնյան տեսանելին-քրիստոնեկան տեսանելին-մտածվող իրական-անիրականը։ Փոխշղթայված համակարգերի բարդ հանգույց է։ Շախմատային քայլեր է ենթադրում։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ շախ-ը հաճախ մատ-ից հետո է գալիս։

Քննադատ
Ինչու՞ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է, որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
Արդեն իսկ փլվեց կառույցը, ու այդպես փլվում են հազարավորները։ Խոսի՛ր սեփական փորձից ելնելով և ճանաչելով։ Ճանաչողությունը հիմք է ամեն ինչում՝ մարդկային քննադատությունից սկսած, որը անգամ տիեզերքի ապագան գիտի՝ տիեզերքը չիմանալով։