
Հաճախ ենք լսում, որ քաղաքային կյանքը հեռացնում է բնությունից, և որ վերջինիս մոտ գտնվելու լավագույն լուծումը գյուղն է։ Հայ լինելու առավելություններից մեկն էլ հարազատների երկարուձիգ շղթան է, որի օղակներում գյուղաբնակ բարեկամները, ի բարեբախտություն բոլորիս, հիմնականում շատ են լինում։ Բայց, նայի՛ր կողքերդ․ հողը զգալու համար ամենևին էլ պարտադիր չէ հարյուրավոր կիլոմետրեր կտրել․ Երևանն «Ագարակ» ունի։ Այո՛, կրթահամալիրը մեզ տեղափոխեց գյուղ, ամենաիսկական գյուղ, ավելի շուտ՝ ագարակ, որտեղ մեկտեղված էին մարդն ու բնությունը։ Խաղողի վազեր, լոլիկի մշակման տարածքներ, պտղատու ծառերի այգի, փայտագործ զրուցարան, ձիանոց՝ համապատասխան հարմարություններով, ձիավարության ընդարձակ տարածք, ընտանի կենդանիների համար հատկացված համապատասխան տարածքներ, ու այդ ամենը մշակող մարդիկ, որոնք ագարակի «ջաղացքը» պտտողներն էին։
Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ զուտ տեսական գիտելիքը կաթիլի է նման․ այն բավականին շուտ գոլորշանում է, և հարց է, թե արդյո՞ք այն մի օր կտեղա անձրևի տեսքով։ Այդ կերպ, երբ հարցնում են այսօրվա մասին, ես միանգամից սկսում եմ խոսել Ագարակի մասին, ու այնպես ոգևորված, որ շատերը կասկածում են՝ ես իսկապե՞ս ծնվել ու մեծացել եմ գյուղում։ Մի՛ զարմացեք, Ագարակը զուտ «գյուղական» միջավայր ապահովող տարածք չէ, այլ կանոնակարգված և ամբողջական համակարգ, որի շրջանակներում դու ամեն վայկյան անցնում ես հարյուրավոր գյուղերով և տեսնում նվիրվածությունը աշխատանքին։
Ագարակային անցուդարձը դիտե՛ք կից ներկայացված տեսանյութում՝ համեմված «Կաթիլ բենդ»-ի «Խամ-խամա» երգի հնչյուններով․
https://www.youtube.com/watch?v=cRP8NstxD2Y
Այսօրվա ծրագրի շրջանակներում կատարեցինք պարտեզապուրակային աշխատանքներ ու կենդանիների խնամք՝ Էդմոն Փաշինյանի պատասխանատվությամբ։ Հանդիպումներ ունեցանք ժողովրդական օպերայի ուսուցման պատասխանատու Մարինե Մկրտչյանի, շախմատի դասընթացի պատասխանատու Առնոլդ Միքայելյանի հետ: Մանկավարժական զրույց վարեց Գևորգ Հակոբյանը։ Պրն․ Հակոբյանը մեր իսկ սեփական փորձով հաստատեց, որ ուսումնառության տարիները մեր հիշողության մեջ չեն ամրակայվում «կրծած» գրքերի էջերի քանակով։
Օրն ամփոփվեց «Արտագնա ճամբար Արատեսում» նախագծի քննարկմամբ՝ Տաթև Բլեյանի ղեկավարությամբ։
Օրվա ամփոփ ֆոտոշարքը՝ ստորև․