Ուսումնական նախագիծ ․ Երեխայի երևակայությունը՝ էպոսային հիմք

Հակոբ Կոջոյան
«Սասնա ծռեր»

Հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդն իր «Պոետն ու երևակայությունը» հոդվածում նշում է․ «Բանաստեղծական արարման առաջին ձևերը մենք պետք է փնտրենք երեխաների մոտ»։
Ըստ այդմ, էպոսը, դիտարկվելով որպես ժողովրդամտածողություն և դարեդար ամրակայված արքետիպային համակարգի ծնունդ, նորովի դրսևորումներ կարող է ունենալ երեխայի մտապատկերում՝ հիմքում ունենալով երեխայի երևակայության «բաց» համակարգը, որը հակադրվում է մեծահասակի երևակայության «փակ» համակարգին (երեխան, ի տարբերություն մեծահասակի, չի տարորոշում իրականի և երևակայականի միջև գոյություն ունեցող սահմանները) ։
Էպոսը իրենից ներկայացնում է կայուն և փոփոխվող համակարգ՝ տվյալ ժամանակաշրջանին և ազգային մտածողության առանձնահատկություններին համապատասխան։ Այն իրականի և երևակայականի միաձույլ կառույց է, որը, բնականաբար, կարող է հեշտությամբ փոխլրացվել։ Կիրառելով Ջանի Ռոդարիի
«Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը» ստեղծագործական հնարքը , մանկական երևակայության միջոցով կփորձենք ստեղծել հայկական «Սասնա ծռեր»-ի, կովկասյան «Աբխազ-նարտական էպոս»-ի և հունական «Ոդիսական» ու «Իլիական» էպոսների պատումային տարբերակներ։

Երեխաները կնստեն շրջանաձև։ Թե ինչ է էպոսը, ով է առասպելական հերոսը և այլն, կբացատրվի նրանց հնարքի կիրառման ընթացքում ՝ հիմքում ունենալով երեխաների պատասխանները։ Ենթադրվող տարատեսակ պատասխաններին համապատասխանեցվելու են էպոսային և առասպելական հիմնական պատումային սյուժեները։
Հարցերը հետևյալներն են․
Ի՞նչ կլիներ, եթե դուք՝ երեխաներդ, հայտնվեիք կախարդական ջրում։
Այս հարցի պատասխանի հիմքում լինելու են «Ոդիսական» (Պոսեյդոն և Ոդիսևս հակադրությունը), «Իլիական» (Աքիլեսյան գարշապար) էպոսների համապատասխան սյուժեները։
Ի՞նչ կլիներ, եթե ձին հայտնվեր կախարդական ջրում։
Այս հարցի պատասխանի հիմքում ՝ «Սասնա ծռեր» (Ծովինար, Սանասար և Բաղդասար, Քուռկիկ Ջալալի, Թուր Կեծակի և այլն), «Ոդիսական» (Պոսեյդոն և Ոդիսևս հակադրություն) էպոսների պատումային շերտերը։
․․․ եթե մարդը ծնվեր հավերժական կրակից։
Վահագն աստծո առասպելական կերպարը կդիտարկվի Փոքր Մհերի կերպարի հիմքում։
․․․ եթե դուք մեծանայիք ժամ առ ժամ կամ օր օրի, ինչպիսի՞ն կլինեիք և ի՞նչ ուժի կտիրապետեիք։
Հիմքում՝ Դավթի, «Աբխազ-նարտական էպոս»-ի գլխավոր հերոս Սասրիկուայի և Աքիլեսի կերպարային առանձնահատկությունները։
․․․ եթե գետը լիներ երկու աշխարհների միջև գոյություն ունեցող պորտալ, դուք որտե՞ղ կհայտնվեիք։
Հիմքում՝ Սասրիկուայի և իր հոտի հայտնվելը Լուսնի վրա։ Առասպելաբանորեն աբխազները Լիալուսնի վրա գոյություն ունեցող «հետքերը» մեկնաբանում են որպես Սասրիկուայի հոտի հետքեր։
․․․ եթե, երբ ցանկանայիք, թռչունը փոխակերպվեր մարդու, իսկ մարդը՝ թռչնի, ի՞նչ կլիներ, և դուք ի՞նչ հնարավորությունների կտիրապետեիք, ինչպե՞ս կօգտագործեիք դրանք։
Հիմքում՝ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում Սասնա տան հովանավոր Խաչ Պատարազիի կերպարը։ (Գուցե անդրադարձ լինի նաև թռչնակերպ Խալդ աստծուն և եգիպտական դիցարանին)։
․․․ եթե քարը կենդանանար։
Հիմքում՝ Սասրիկուայի ծնունդը քարից՝ դարբնի հարվածի օգնությամբ։ Այս համատեքստում անդրադարձ կկատարվի նաև «Արտաշես և Արտավազդ» առասպելին։

Ծրագրի հիմքում երեխայի երևակայության անծայրածիր հնարավորություններն են և ամրակայված առասպելական տարրերը։ Ինքն իրեն երեխան դիտարկում է առասպելական համակարգում և իրեն վերագրում գերբնական հատկանիշներ՝ պատկերացնելով նաև իրեն գործողության մեջ՝ որպես կախարդական հերոս։

2 comments

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s